«Կառավարությունը COP 17-ի բրենդային նվերների ձեռքբերման համար ծախսել է 290 միլիոն դրամ։ Օրինակ՝ ձեռք է բերվել թերմոս՝ 16500 հատ, 7800 դրամով։ Իրականացրի շուկայի ուսումնասիրություն, թերմոսի արժեքը տատանվում է 2000-3500 դրամի սահմաններում՝ մանրածախի համար։ Եթե անեի բրենդային տպագրություն, կծախսեի ևս 1000 դրամ, ու ամենաթանկ գինը կունենայի 4000 դրամ ձեր 7800-ի փոխարեն»,-ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը։
Այնուհետև ցույց տալով բեյջի թելը, ասաց․ «Պետությունն այն ձեռք է բերել 1248 դրամով՝ 19700 հատ։ Երեկ ամբողջ օրը շուկայում 55 դրամը չգերազանցող բեյջի թել չկարողացա գտնել։ Շուկայի մասնագետներն ասացին, որ ամենաթանկ տպագրությամբ բեյջի թելը կարժենա 600 դրամ։ Այս գնով բեյջի թելի արտադրություն կարելի էր դնել»։
Հերթով թվարկելով COP17-ի համար ձեռք բերված գովազդային նյութերը և վերլուծելով դրանց գները՝ ելույթն ամփոփեց․ «Չլինելով գնումների մասնագետ և ծախսելով ընդամենը մեկ օր՝ ինձ հաջողվեց այս պայմանագրում խնայել 84 միլիոն 984 հազար 600 դրամ»։
ԱԺ նախագահի տեղակալ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ արձագանքելով Լիանա Մանուկյանի և ընդդիմադիր պատգամավորների կողմից հնչեցված մյուս քննադատություններին՝ ասաց․ «Ձեր կռիվը բեյջի թելի հետ չէ, ձեր կռիվը թերմոսի հետ չէ, ձեր կռիվը ՀՀ պետականության հետ է։ Ձեզ ձեռ չի տալիս, որ ՀՀ-ն անկախ պետություն է և կազմակերպում է այնպիսի միջոցառում, որին աշխարհի 190 երկրներից մասնակցում է 15000 մարդ, որի տնտեսական էֆեկտը դժվար է գերագնահատել, դժվար է գերագնահատել քաղաքական էֆեկտը ևս»։
ԱԺ արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: