«Նախորդ տարի ՀՀ ԱԺ-ն վավերացրել է վարկի մի համաձայնագիր, որով ՀՀ-ին տրվել է 250 միլիոն դոլար վարկ։ Մեկ տարին դեռ չի լրացել, ՀՀ-ն արդեն ստանձնում է նորից այդքան վարկ, նորից Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանաշինությունը լուծելու համար։ Մեկ տարվա ընթացքում այդ գումարներն ավարտվե՞լ են, ծրագիրը պատշաճ իրականացվե՞լ է, որ հիմա նորից ենք ուզում վարկ ձևակերպել»,-ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հարցրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Նշենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։
Աննա Գրիգորյանն իր ելույթում խնդրեց բացատրել, թե այս մեկ տարվա ընթացքում ինչպես են իրացվել այդ գումարները, եթե ընդամենը մինչև 5000 ընտանիք է կարողացել ձեռք բերել բնակարան․ «Վստահ եմ՝ այդ գումարը չի գնացել 5000 ընտանիքների՝ բնակարանի ձեռք բերման համար։ Հիմա ի՞նչ անհրաժեշտություն կար ևս 250 միլիոնի վարկ ձևակերպել։ ՀՀ քաղաքացիները միայն վարկերի տոկոսների համար օրական վճարում են 1,1 միլիարդ դրամ, ինչը խայտառակություն է»։
Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը նշեց․ «Տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը 880 միլիոն դոլար է։ Այս ծավալի ծրագրի իրականացումը պահանջում է ինչպես պետբյուջեի միջոցներ, այնպես էլ միջազգային գործընկերների ֆինանսական աջակցությունը։ Ծրագիրը համադրում է վարկային և դրամաշնորհային ֆինանսավորումը՝ միաժամանակ ուղղելով միջոցներ ինչպես բնակարանային աջակցությանը, այնպես էլ համակարգային բարեփոխումներին։ Կանխիկ աջակցության շահառու կդառնան 45 հազար տեղահանված անձինք, 6500 ընտանիքներ էլ կստանան բնակարանի ձեռք բերման հավաստագիր»։
ԱԺ արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: