Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքում ապօրինի և առանց համապատասխան թույլտվությունների գործող տնտեսվարողներին նախազգուշացրեց օրինականացնել իրենց գործունեությունը։
Քաղաքապետարանի թվայնացված նոր հարթակում գույքագրվել է Երևանում գործող 11,101 առևտրային օբյեկտ։ Ըստ ներկայացված տվյալների՝ 4,638 օբյեկտ գործում է բացարձակ ստվերում և երբևէ չի դիմել առևտրի թույլտվության համար (համակարգում նշված են որպես «կարմիր կետեր»)։
Դրանց չվճարված տուրքերը գնահատվում են շուրջ 577.6 մլն դրամ։ Երբևէ թույլտվություն ստացած 6,463 օբյեկտներից 3,513-ն ունեն չվճարված պարտավորություններ կամ բացթողումներ՝ ընդհանուր 356.1 մլն դրամի չափով։
Ընդհանուր առմամբ, քաղաքային բյուջեն չվճարված տուրքերի պատճառով կորցնում է մոտ 1 միլիարդ դրամ։
Անդրադառնալով թվային քարտեզի տվյալներին՝ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ քաղաքապետարանն այլևս տիրապետում է բոլոր տնտեսվարողների տեղակայմանը, գործունեության տեսակին և տևողությանը։
«Հորդորում եմ կարդալ նոր օրենքը, որը շատ խիստ հետևանքներ է նախատեսում։ Խնդրո՛ւմ եմ, հորդորո՛ւմ եմ, մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը։ Գնացե՛ք և ստացե՛ք ձեր օրինական թույլտվությունները, վճարե՛ք Երևան քաղաքին, որովհետև մենք գալու ենք ձեզ մոտ, և դա ձեզ դուր չի գալու»,- հայտարարեց քաղաքապետը։
Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներին և Հասարակական կարգի պահպանության ծառայությանը նախազգուշացրեց, որ ամեն մի կարմիր կետի տակ պետք է լինի բացատրություն։
«Եթե չլինի բացատրություն, ես մտածելու եմ, որ ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղում կաշառք է վերցնում»,- շեշտեց քաղաքապետը։
Քաղաքապետը նշեց նաև, որ նույնպիսի խնդիր է առկա արտաքին գովազդների ոլորտում, որտեղ մեծ թվով չգրանցված ու անօրինական վահանակներ են հայտնաբերվել լիդար սարքավորումներով նկարահանումների արդյունքում։
Քաղաքապետը հանձնարարեց մինչև տարեվերջ գործողությունների հստակ ծրագիր մշակել և ստվերային օբյեկտները բերել օրինական դաշտ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան