ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից

Քաղաքականություն

12.10.2026 | 12:37

ԱՄՆ սենատորները՝ չորս հանրապետական և երեք դեմոկրատ, կոչ են արել նախագահ Դոնալդ Թրամփին վերանայել ռուսական դիզելային վառելիքի գնման և այդ տեսակի վառելիքի նկատմամբ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները ժամանակավորապես չեղարկելու որոշումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«ԱՄՆ-ը չպետք է Պուտինին կենսական ֆինանսական աջակցություն տրամադրի, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է սպանել ուկրաինացի խաղաղ բնակիչներին։ Վարչակազմը պետք է անհապաղ փոխի իր քաղաքականությունը»,- ասվում է վեց սենատորների հայտարարության մեջ, որը հրապարակվել է հոկտեմբերի 11-ին։

Հայտարարությունը ստորագրել են չորս հանրապետական սենատորներ՝ Սյուզան Քոլինզը (Մեյն), Լիզա Մուրկովսկին (Ալյասկա), Թոմ Թիլիսը (Հյուսիսային Կարոլինա) և Ջոն Քերթիսը (Յուտա), ինչպես նաև երկու դեմոկրատներ՝ Ջին Շահինը (Նյու Հեմփշիր) և Ռիչարդ Բլումենթալը (Կոնեկտիկուտ)։

Հայտարարության մեջ սենատորներն ընդգծում են, որ 2022 թվականին Կոնգրեսն ուղղակիորեն արգելել է Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը, իսկ Սպիտակ տան՝ ռուսական դիզելային վառելիքի մատակարարումները վերսկսելու որոշումը խախտում է այդ օրենքը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու մասին հայտարարել է հոկտեմբերի 9-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ որոշումը որակել է որպես ներդրում պատերազմի մեջ։

Նախօրեին էլ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Բրայան Ֆիցպատրիկը, որը Ներկայացուցիչների պալատում Ուկրաինային աջակցող խմբի համանախագահն է և Կենտրոնական հետախուզական վարչության հարցերով ենթահանձնաժողովի նախագահը, հայտարարել է երկկուսակցական օրինագծի մշակման մասին։ Այն նպատակ ունի արգելափակել ռուսական նավթի գնումները Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment