«Մութ սենյակում սև կատու ենք փորձում գտնել»․ Ռուբեն Հակոբյանը՝ Սամվել Կարապետյանի գործով վկաների հարցաքննության մասին

«Այսօր հարցաքննեցինք հինգերորդ վկային։ Ինձ մոտ այս դատապրոցեսը նման է նրան՝ ոնց որ մութ անկյունում սև կատու ենք փորձում գտնել»,- Սամվել Կարապետյանի գործով դատական նիստի ընթացքում տվյալ դատական նիստի ընթացքում նախատեսված վկաների հարցաքննությունից հետո այսպիսի կարծիք հայտնեց Սամվել Կարապետյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը։

Նշենք, որ այսօր հարցաքննվեցին վկաներ Անի Մկոյանն ու Ստանիսլավ Սարգսյանը։

Այնուհետև Ռուբեն Հակոբյանը պարզաբանեց․ «Կոնկրետ ինձ համար ինչու է այդպես, որովհետև ամեն վկայից ուզում եմ հասկանալ, թե ինչն է այդ վկայի ցուցմունքում հիմք հանդիսացել, որ հանրային մեղադրողը մեղադրանքը հաստատելուց գրել է, որ այս վկաների ցուցմունքներով նաև հաստատվում է Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքը։ Պարզ է դառնում, որ այս վկաները և իմ համոզմամբ՝ հետայսու նաև բոլոր վկաները հայտնելու են այն, ինչ հայտնում են այս վկաները Սամվել Կարապետյանի վերաբերյալ, ինչը նաև նախաքննական մարմնի տվյալներում կա»։

Հանրային մեղադրողն էլ ի պատասխան ասաց․ «Ով գործի նյութերին ծանոթ է, գիտի՝ վկան իր ցուցմունքով ինչ հաստատեց։ Հատկապես վերջին վկան հավաստեց իր՝ ձևական նշանակված լինելու հանգամանքը, որը մշտապես մեր կողմից վկայակոչվել է թե՛ կալանքի, խափանման միջոցի քննարկման ժամանակ, թե հիմք է եղել դատական ակտերում ընկերությունների՝ փոխկապակցված լինելու հանգամանքը հաստատելու տեսանկյունից»։

Այս գործով հաջորդ դատական նիստին՝ հոկտեմբերի 28-ին, կշարունակվի վկաների հարցաքննությունը։

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment