ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։
«Նախագահ Թրամփը երբեք թույլ չի տա Միջազգային քրեական դատարանին հետապնդել ամերիկացիներին… Հենց այդ պատճառով այսօր ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանում Միջազգային քրեական դատարանի դեմ։ Մենք կարգելենք այս դատարանի հետ գործառնությունները՝ փակելով նրա ռեսուրսները և կաթվածահար անելով գործելու նրա ունակությունը»,-հայտարարել է Ռուբիոն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հռոմի ստատուտի բոլոր անդամ երկրներին կոչ էր արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ)։ Թրամփը դատարանն անվանել էր «վերահսկողությունից դուրս եկած ինստիտուտ» և «չար մարդկանց խումբ»։
Հիշեցնենք` Հայաստանը ՄՔԴ անդամ դարձավ 2024 թվականի փետրվարից՝ վավերացնելով Հռոմի ստատուտը իբր Բաքվի ռազմական հանցագործությունների թեման բարձրացնելու նպատակով։ Հայցերին այդպես էլ ընթացք չտրվեց, սակայն Երևանի այդ որոշումը դարձավ Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման շղթայի օղակներից մեկը, քանի որ ավելի վաղ դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։
Հռոմի ստատուտը միջազգային պայմանագիր է, որի հիման վրա ստեղծվել և գործում է Միջազգային քրեական դատարանը։ ՄՔԴ-ին վստահված է դատական կարգով քննել միջազգային հանրությանը մտահոգող ամենածանր հանցագործությունները՝ ցեղասպանություն, ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ և ագրեսիա։