11 ՀԿ պահանջում է ազատ արձակել Արթուր Դանիելյանին (PAN.am)

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության 11 կազմակերպություն հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով վերացնել «Ադեկվատ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի կալանքը և դադարեցնել հետապնդումը:

Հայտարարության հեղինակները խիստ մտահոգություն են արտահայտել այն կապակցությամբ, որ Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում համացանցում հրապարակված գրառումների համար՝ կալանքը համարելով անհամաչափ և քաղաքականապես մոտիվացված:

«Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում և դատապարտում ենք Հայաստանում արտահայտման ազատության իրավունքի իրացման համար քրեական հետապնդումների շարունակական դրսևորումները, ինչը համահունչ չէ Հայաստանի Հանրապետության որդեգրած ժողովրդավարեցման ուղուն:

Քրեական հետապնդման հարուցման հերթական դեպքը վերաբերում է համացանցում արված գրառումների համար Արթուր Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը, ինչն առերևույթ անօրինական, անհամաչափ և քաղաքականապես մոտիվացված է:

Առավել անօրինական և անհամաչափ է նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կիրառված կալանավորումը, որն ակնհայտորեն նրա հանրային խոսքը սահմանափակելու և նրան պատժելու նպատակ է հետապնդում, հատկապես արտաքին աշխարհի հետ շփումների սահմանափակումների կիրառման պայմաններում:

Ըստ հանրային տարածված տեղեկությունների՝ Արթուր Դանիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել համացանցային գրառումների համար ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ինչպես նաև 490-րդ հոդվածի 2-րդ մասով:

Միաժամանակ, Քննչական կոմիտեն չի հայտնում, թե որ գրառումների համար է Դանիելյանը ենթարկվում քրեական հետապնդման, ինչը խնդրահարույց է՝ իրավապահ մարմնի կողմից արտահայտման ազատության իրավունքի իրացման միջամտության համաչափության հիմնավորման և դրա կանխատեսելիության ապահովման համատեքստում:

Համացանցային, նույնիսկ՝ վիրավորական խոսք պարունակող գրառման համար քրեական արդարադատության գործիքակազմի և ամենախիստ խափանման միջոցի կիրառումը ոչ իրավաչափ և անհամաչափ միջամտություն է անձի իրավունքներին և առերևույթ հակասում է Հայաստանի Հանրապետության՝ խոսքի ազատության իրավունքի առնչությամբ ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով զարգացած սկզբունքներին, որոնք պաշտպանում են ոչ միայն «տեղեկությունները» կամ «գաղափարները», որոնք ընդունվում են բարեհաճորեն կամ համարվում են անվնաս կամ չեզոք, այլև այն դեպքերին, որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստացնում են պետության կամ բնակչության որևէ հատվածի։

Դրանք են բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության պահանջները, առանց որոնց չկա «ժողովրդավարական հասարակություն»,-ասվում է հայտարարության մեջ:

Հեղինակները հատկապես մտահոգիչ են համարում «խոսքի ազատության իրավունքի սահմանափակման համատեքստում կալանավորման շարունակական կիրառումը»:

«Հաշվի առնելով վերգրյալը՝ պահանջում ենք Գլխավոր դատախազությունից և Քննչական կոմիտեից՝

Անհապաղ վերացնել Արթուր Դանիելյանի խափանման միջոց կալանավորումը և դադարեցնել նրա նկատմամբ արտահայտման ազատության իրավունքի իրացման հիմքով հարուցված քրեական հետապնդումը

Գործնեության շրջանակներում պահպանել անկախության և անաչառության բարձր չափանիշներ, հիմնվել բացառապես ՀՀ Սահմանադրության և ՀՀ մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների վրա,

Բացառել անօրինան հետապնդումերը, այդ թվում՝ բացառել քրեական գործիքակազմի անօրինական և անհամաչափ կիրառումը՝ այլակարծությունը, կառավարող քաղաքական կամ ընտրովի քաղաքական ուժի կամ պետական մարմիններիդեմ քննադատական խոսքը լռեցնելու նպատակով։

Դատարաններից և դատավորներից՝ Արդարադատություն իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և օրենքներով՝ երաշխավորելով մարդու իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ խոսքի ազատության իրավունքի և ազատության իրավունքի պաշտպանության չափանիշներով»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրել են՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, «Արդարության նոր մշակույթ» ՀԿ, «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն», «Ցիտադել» իրավապաշտպան ՀԿ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ», Երևանի մամուլի ակումբ:

Արթուր Դանիելյանը հոկտեմբերի 7-ին ներկայացել է Քննչական կոմիտե՝ համապատասխան ծանուցման հիման վրա։ Նույն օրը նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը վերաբերում է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ խուլիգանության հատկանիշներին։

Հետագայում Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել է, որ առաջադրված մեղադրանքում ներառվել են նաև ֆեյսբուքյան հրապարակումներին առնչվող լրացուցիչ դրվագներ։ Բացի այդ, մեղադրանքը համալրվել է Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նույն օրը դատարանը որոշում է կայացրել Արթուր Դանիելյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին։

Leave a comment