Թեև Ռուբեն Վարդանյանի մեղքը հաստատող նույնիսկ հեռավոր կապ ունեցող «ապացույց» չկա, միևնույն է՝ դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Սկիզբը՝ այստեղ:

«Փաստինֆո». «Արդարադատություն» ըստ Ադրբեջանի. Ռուբեն Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 3 980 ադրբեջանցու բռնի անհետացման համար. մաս 5

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 Հոդված 110 — Բռնի անհետացում

Վերագրվող արարք. 3 980 անձի ճակատագրի մասին տեղեկություններ տրամադրելուց հրաժարում (1989–2020), որոնցից 490 տղամարդ, 283 կին և 3 207 զինծառայող։

Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Այս մեղադրանքի հիմքում ևս Ռուբեն Վարդանյանին վերաբերող ապացույց չկա։ Ներկայացված է Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի 05.12.2023 թ. № 542 պատասխան-գրությունը, որով, սակայն, Արցախյան առաջին պատերազմի կապակցությամբ անհայտ կորած է գրանցված 3 890 անձ՝ 3 171 զինծառայող և 719 քաղաքացիական անձ։ Այսինքն՝ անգամ ապացույցի թվերը չեն համընկնում մեղադրանքի թվերի հետ, և այս անհամապատասխանությունը դատարանը չի բացատրում։

Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է առավելագույն՝ 20 տարի ազատազրկում։

Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Այս հոդվածով կարող է պատասխանատվություն կրել նա, ով մասնակցել է մարդկանց առևանգմանը կամ պարտավոր է և կարող է տեղեկություն տրամադրել նրանց ճակատագրի մասին։ Ռուբեն Վարդանյանը Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնում պաշտոնավարել է 2022թ. նոյեմբերի 4-ից մինչև 2023թ. փետրվարի 23-ը՝ 3,5 ամիս, և նրա պարտականություններն ընդգրկել են տնտեսական և սոցիալական բնագավառները: Դատավճիռը որևէ կերպ չի հիմնավորում, որ նա երբևէ ունեցել է նման տեղեկություններ կամ դրանք տրամադրելու լիազորություն։

Մեղսագրվող ժամանակահատվածը՝ 1989–2020 թթ., ամբողջությամբ նախորդում է նրա ժամանմանը. մարդուն մեղադրում են այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել մինչև իր ներկայությունը։ Այդ ամենից բացի, դատարանն իր իսկ «ապացույցից», անհասկանալի է ինչ հիմնավորումով, ավելի մեծ թիվ է դնում մեղադրանքի հիմքում՝ 3,980՝ 3,890-ի փոխարեն։

Թեև Ռուբեն Վարդանյանի անհատական մեղքը հաստատող նույնիսկ հեռավոր կապ ունեցող «ապացույց» չկա, միևնույն է, այս հոդվածով նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment