«Ուզում եմ իմ աջակցությունը հայտնել հերոս հայ կնոջը, որ հույսը չդրեց Փաշինյանի կառավարության վրա և աջակցեց իր ընտանիքին։ Մենք անպայման մեր ձևով էլ աջակցություն կցուցաբերենք այդ հերոս կնոջ ընտանիքին»,- իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Շաքի բնակավայրում տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցի զինծառայողը ներթափանցել էր բնակավայր, մուտք գործել տներից մեկը և կրակել Շաքիում բնակվող կնոջ ոտքին։
Սամվել Կարապետյանը վստահեցրեց՝ հանցագործն առաջին հերթին պետք է օրենքի ամբողջ խստությամբ պատասխան տա․ «Ամեն ինչ պիտի անենք, որ օգտագործեն այսպիսի հանցագործներին, մեր գերիներին այնտեղից վերադարձնենք»։ Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ իշխանություններն ինչպե՞ս կվարվեն ադրբեջանցի զինծառայողի հետ, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Իմ պատկերացմամբ՝ մի հատ կգուրգուրեն»։ Լրագրողների փաստմանը՝ նա կալանավայրում է, Սամվել Կարապետյանն այսպես արձագանքեց․ «Կալանավայրում կգուրգուրեն, կփայփայեն, հետո մի շարադրություն գրող ունեն, հետաքրքիր շարադրություն կգրեն, կտան ադրբեջանցու ձեռքը, շարադրության թեման էլ լինելու է՝ ինչպես կործանել ՀՀ-ն։ Կտան այդ մարդուն, կհասցնի Ադրբեջան։ Արցախն էլ շարադրությամբ ու փոխադրությամբ վերացրին»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ խաղաղություն առանց զիջումների ծրագիրը, որը երկու շաբաթից պատրաստվում են ներկայացնել, դա ի՞նչ ծրագիր է, Սամվել Կարապետյանն ի պատասխան շատ փակագծեր չբացեց․ «Ընդդիմադիր ճիշտ ուժերի համախմբելու ենք և բոլոր այս քայլերի դեմ ընդհանուր ճակատով ենք պայքարելու»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞նց եք չափում՝ ով է ճիշտ ընդդիմադիր, Սամվել Կարապետյանը պատասխանեց՝ անգիր գիտեմ»։
Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ընդդիմության՝ ադրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպի առիթով արված խոսույթը բերեց նրան, որ Աստված ոչ անի՝ հայկական կողմից մի զինվոր անցնի Ադրբեջան, նույն բանը հայ զինվորի հետ է լինելու և Փաշինյանը չգիտի՝ ի՞նչ են այդ դեպքում անելու, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Պարտավոր են չթողնել, որ հայ զինվորները մոլորվեն, այնպես են ներկայացնում, որ իրենք դրա հետ գործ չունեն, բա որտե՞ղ են ՊՆ նախարարը, այդքան գեներալները, թող ճիշտ կազմակերպեն մեր զինվորների ծառայությունները, որ չմոլորվեն։ Մենք բոլորս գիտենք, որ Փաշինյանն Ալիևի կամակատարն է։ Ալիևն ասել է՝ փորձում է դրանով ընդդիմությանը վախեցնել։ Երբ մենք համախմբեցինք, դիմելու եմ, որ ՔՊ-ականներն էլ միանան մեզ, իրենք էլ դարձել են Փաշինյանի կամակատարները։ Ցավ եմ ապրում, այնտեղ էլ կան արժեքավոր մարդիկ, որ իրավունք չունեն այս պարագայում մնան Ադրբեջանի կամակատարները»։
Հարցին՝ ադրբեջանցի զինծառայողին դիվերսանտ համարո՞ւմ է, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Ես իրեն համարում եմ շատ մեծ հանցագործ»։ Հարցին՝ դիվերսանտ համարո՞ւմ է, Սամվել Կարապետյանը, կրկնելով մեծ հանցագործ արտահայտությունը, պատասխանեց․ «Ցանկացած անուն կարող եմ դնել դրա վրա»։
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: