Իրանցի ցուցարարների նկատմամբ ճնշումներն արտաքին միջամտության օրինակ են

Տիգրան Գրիգորյան

Նոր զարգացումներ իրանական բողոքի գործով

#DemocracyWatch-ի նախորդ զեկույցում մենք անդրադարձել էինք` ինչպես Երևանում իրանցիների բողոքի ցույցերին և Իրանի դեսպանի քննադատությանը, թե Հայաստանը թույլ է տալիս «հակաիրանական ուժերին» համախմբվել, հաջորդեց իրանցի ցուցարարների պլանավորած երթի արգելումը և մի քանի ցուցարարների բերման ենթարկելը իրավապահ մարմինների կողմից։ Մենք նախազգուշացրել էինք, որ արտաքին ճնշման տակ ներքին ընթացակարգերի փոփոխությունը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել։

Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այդ մտահոգությունները խորացել են։ Հայաստանում բնակվող 35-ամյա իրանցի Ռեյհանե Մաջիդին հայտնել է, որ Իրանի դեսպանատան առջև անցկացված բողոքի ցույցերին մասնակցելուց հետո ենթարկվում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շարունակական ճնշմանը։ Մաջիդիի խոսքով՝ ԱԱԾ աշխատակիցները առանց պաշտոնական փաստաթուղթ ներկայացնելու եկել են իր վարձակալած բնակարան և նրան պարտադրել գնալ իրենց հետ՝ հարցաքննության նպատակով։ Նրա պնդմամբ՝ իրեն պահել են չորս ժամ և զգուշացրել դադարեցնել Իրանի Իսլամական Հանրապետության քննադատությունը՝ թե՛ հրապարակային դաշտում, թե՛ սոցիալական մեդիայում՝ հակառակ դեպքում սպառնալով արտաքսմամբ։

Մաջիդին նաև պնդում է, որ աշխատակիցները մուտք են գործել իր բջջային հեռախոս, պարտադրել են ապակողպել այն, ուսումնասիրել են անձնական բովանդակությունը և ջնջել իրանական իշխանություններին քննադատող հրապարակումները։ Նրան, ըստ հաղորդումների, մեկ շաբաթ ժամանակ է տրվել՝ Հայաստանը կամավոր լքելու համար։

Չնայած այդ ժամկետի ավարտին՝ նա նշում է, որ չի ստացել որևէ պաշտոնական գրավոր ծանուցում կամ արտաքսման իրավական հիմնավորում։ Նրա գործընկերների փոխանցմամբ՝ ԱԱԾ ներկայացուցիչները շարունակել են զանգահարել՝ զգուշացնելով, որ կամավոր չհեռանալու դեպքում կարող է կիրառվել հարկադիր հեռացում։

ԱԱԾ-ն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հաստատել է, որ իրանցի քաղաքացիներ կանչվել են հարցաքննության, սակայն չի հստակեցրել իրավական հիմքերը՝ գործի որոշ կողմեր որակելով գաղտնի։ Գերատեսչությունը նշել է, որ արտաքսման ցանկացած որոշում ի վերջո պետք է ընդունվի դատարանի կողմից։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները լուրջ մտահոգություն են հայտնել։ Կանանց ռեսուրսային կենտրոնը տարածած հաղորդագրությունում նշել է. «Մաջիդիին Իրան արտաքսելու սպառնալիքը անարդար է և կարող է վտանգել նրա կյանքը՝ հաշվի առնելով կանանց իրավունքների կոպիտ խախտումները իրանական ռեժիմի կողմից։ Մենք դատապարտում ենք ԱԱԾ աշխատակիցների նման վարքագիծը և պահանջում անհապաղ, անկողմնակալ և համապարփակ քննություն դեպքի վերաբերյալ»։

Իրավապաշտպանները նշում են, որ եթե կան ազգային անվտանգության իրական մտահոգություններ, դրանք պետք է ձևակերպվեն գրավոր որոշումներով և ենթարկվեն դատական վերահսկողության։ Բանավոր նախազգուշացումները և ոչ պաշտոնական ճնշումը, նրանց կարծիքով, դուրս են պատշաճ ընթացակարգի շրջանակից և խաթարում են իրավական պետության երաշխիքները։

Այս գործը հիմնարար հարցեր է առաջ բերում խոսքի ազատության և Հայաստանի ինստիտուցիոնալ երաշխիքների դիմակայունության վերաբերյալ՝ աշխարհաքաղաքական զգայունությունների պայմաններում։ Ավելի լայն առումով, այս պատմությունը վկայում է խորքային հակասության մասին․ վերջին տարիներին Հայաստանի իշխող կուսակցությունը հաճախ ֆետիշացրել և գործիքայնացրել է ինքնիշխանության գաղափարը՝ քաղաքական միավորներ հավաքելու, քննադատներին թիրախավորելու և սահմանադրության տեսանկյունից իրենց վիճելի քայլերն արդարացնելու համար։ Սակայն երբ առաջանում է իրական անհրաժեշտություն՝ պաշտպանելու Հայաստանի խոցելի ժողովրդավարական ինստիտուտները արտաքին ճնշումից և միջամտությունից, կառավարությունը կարծես պատրաստ չէ դիմակայել և փոխարենը համակերպվում է։ Ինչպես նախկինում նշվել է, նման վարքագիծը վտանգավոր նախադեպ է ստեղծում և դուռ է բացում արտաքին այլ դերակատարների միջամտության համար Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին։

Հակակոռուպցիոն գործընթացը կանգ է առել

Այս զարգացումները համընկնում են Հայաստանում հակակոռուպցիոն ցուցանիշների որոշակի հետընթացի հետ։

Թրանսփարենսի Ինթերնեշնլի հակակոռուպցիոն կենտրոնի տվյալներով՝ 2025-ին Հայաստանի Կոռուպցիայի ընկալման ինդեքսի (CPI) միավորը մեկ կետով նվազել է՝ կազմելով 46 (0-ից 100 սանդղակով)։ 182 երկրների վարկանիշում Հայաստանը կիսում է 65–69-րդ տեղերը՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով փոքր անկում։

Հայաստանը շարունակում է տարածաշրջանում զբաղեցնել երկրորդ տեղը՝ Վրաստանից (50 միավոր) հետո և շարունակում է գերազանցել համաշխարհային միջին ցուցանիշը, որը 2025-ին նվազել է մինչև 42։ Հայաստանը առաջ է հարևան Թուրքիայից (31), Իրանից (23) և Ադրբեջանից (30), ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մյուս անդամներից։

Այնուամենայնիվ, 46 միավորը վկայում է առաջընթացի բացակայության մասին։ Թեթև անկումը ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն բարեփոխումները դեռ չեն ապահովել համակարգային այն վերափոխումը, որ ակնկալվում էր գործարարների և փորձագետների կողմից, որոնց ընկալումներն էլ ձևավորում են CPI-ը։ Նույնիսկ փոքր անկումները կարող են վկայել բարեփոխումների լճացման մասին։

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։

The post Իրանցի ցուցարարների նկատմամբ ճնշումներն արտաքին միջամտության օրինակ են appeared first on CIVILNET.

Leave a comment