Պնդումները, թե Արաբկիրի (Զեյթունի) Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, կամ այն չի գործում` բացարձակապես անհիմն են. Կորյուն քհն. Կարապետյան

Ի պատասխան հեռուստաեթերով Ազգային Ժողովի պատգամավորի կողմից հնչեցված հայտարարության` հայտնում ենք, որ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է ապատեղեկատվություն:

Պնդումները, թե Արաբկիրի (Զեյթունի) Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, կամ այն չի գործում` բացարձակապես անհիմն են:

Արաբկիրի Հայորդյաց Տունը 1993 թվականից և վեր անխափան կերպով իրականացնում է իր առաքելությունը, հազարավոր մեր հայորդիներ հայեցի ու քրիստոնեական կրթություն ու դաստիարակություն են ստացել այս հաստատությունում և ներկայումս էլ այն գործում է ողջ հզորությամբ` լինելով ծաղկուն մի մշակութային օջախ:

Այսօր Արաբկիրի Հայորդյաց տանը `

. Ուսումնական գործընթացն ապահովվում է բարձր որակավորում ունեցող մանկավարժական կազմի կողմից:

. Գործում են մանրանկարչության, գեղանկարչության, պարային (դասական, ժողովրդական, ժամանակակից), երգչախումբ, քանդակագործության, փայտի գեղարվեստական փորագրություն – մշակում, բատիկ դիզայն, գորգ – կարպետ, մաքրամե, խեցեգործություն, անգլերեն, ռուսերեն լեզուներ, լրագրություն, դաշնամուր, փողային նվագախումբ, կիթառ, քանոն, դհոլ, կարատե, շախմատ դասարանները:

. Սաները մեծ պատասխանատվությամբ ու հաճույքով են հաճախում դասերին:

.Առկա է սերունդների վստահելի կապը` մեր նախկին սաները այսօր արդեն իրենց երեխաներին են վստահում մեր կրթօջախին:

.Գործում է նաև բարեգործական ճաշարանը, ուր ամեն օր անվճար սնունդ են ստանում անապահով մեր հայրենակիցները:

Ելնելով վերոգրյալից և կարևորելով հանրությանը ճշգրիտ տեղեկատվություն հասցնելու անհրաժեշտությունը` սիրով հրավիրում ենք պարոն պատգամավորին այցելելու Հայորդյաց Տուն: Այցի ընթացքում հնարավորություն կլինի տեղում ծանոթանալ կենտրոնի ակտիվ գործունեությանը, շփվել անձնակազմի և սաների ծնողների հետ, ինչը թույլ կտա ամբողջությամբ փարատել առկա թյուրըմբռնումները, անձամբ համոզվել կրթօջախի լիարժեք կենսագործունեության մեջ և լրատվականով ներկայացնել իրականությունը:

Արաբկիրի Հայորդյաց տան հոգեւոր պատասխանատու` Կորյուն քհն. Կարապետյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment