Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը



Մշակույթ





Monument Watch-ը ահազանգում է․

Ադրբեջանական պաշտոնական, գիտական ու լրատվական շրջանակների կողմից վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվող հրապարակումներն ու գիտաժողովները, որտեղ Հայաստանին և Հայ Առաքելական Եկեղեցուն մեղադրում են պատմամշակութային ժառանգության յուրացման և «աղվանական հուշարձանները հայկականացնելու» մեջ, ներկայացնում են պետականորեն հովանավորվող քարոզչական մանիպուլյացիաների մի նոր, ծավալուն ու վտանգավոր ալիք: Այս արշավի շրջանակներում ադրբեջանական կողմը փորձում է ընթերցողին մատուցել կեղծ պատմագիտական թեզեր, որոնք նպատակ ունեն հիմնավորելու Արցախի քրիստոնեական հուշարձանների «աղվանացումը» և արդարացնելու դրանց նկատմամբ իրականացվող անօրինական միջամտությունները:

Այսպես, Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի հնագիտության և մարդաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ուլվիյա Հաջիևան պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում պնդում է, թե 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո Ռուսական կայսրությունը, փորձելով ամրապնդել իր դիրքերը, օգտագործել է հայ եկեղեցին և 1836 թվականի Կանոնադրությամբ լուծարել Աղվանից կաթողիկոսությունը: Ըստ նրա՝ Էջմիածնի եկեղեցին դրանից հետո սկսել է աղվանական պատմական ու մշակութային ժառանգությունը հայկականի վերածելու և աղվանական կրոնական պաշտամունքի վայրերը ոչնչացնելու կամ հայկականի վերափոխելու գործընթաց, ընդ որում՝ հայկական հոգևորականությանը մեղադրելով 1854 թվականին Շուշիում աղվանական ձեռագրերի արխիվը անհետացնելու մեջ և հայտարարելով, թե Արցախի վանքերը 19-րդ դարի վերջին միտումնավոր ոչնչացվել են Էջմիածնի կողմից (https://arxeologiya.az/news/726):

Այս թեզերին գործնական ընթացք տալու նպատակով Հնագիտության և մարդաբանության ինստիտուտի տնօրեն Ֆարհադ Գուլիևը մեկ այլ հարցազրույցում տեղեկացնում է, որ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի տարբեր ինստիտուտներ լայնածավալ համատեղ հետազոտություններ ու հնագիտական արշավախմբեր են ձևավորում՝ Աղվանքի նյութական ու մշակութային ժառանգությունը համալիր կերպով ուսումնասիրելու համար: Նա ընդգծում է, որ առաջիկա 5-10 տարիներին աղվանական ժառանգության ուսումնասիրությունը պետք է դառնա ադրբեջանական պատմագիտության հիմնական թեմաներից մեկը և ֆինանսավորվի պետական բյուջեի ու հատուկ դրամաշնորհների հաշվին (https://arxeologiya.az/news/725):

Զուգահեռաբար, պատմության փիլիսոփայության դոկտոր Գուլանա Ալիևան հայկական կողմին մեղադրում է «օկուպացիայի տարիներին» իսլամական և աղվանական հուշարձանները կեղծելու, թալանելու և ոչնչացնելու մեջ՝ որպես օրինակ բերելով Փանահի ամրոցը, Լաչինի դամբարանները, Ազոխի ու Թաղլարի քարանձավները, ինչպես նաև 2010 թվականին Սոնասար գյուղից հայտնաբերված ոսկյա ու բրոնզյա իրերը Երևան տեղափոխելը, ապա հայտարարում, թե Ծիծեռնավանքը, Դադիվանքը, Ամարասը, Գանձասարը և Սուրբ Եղիշայի վանքը աղվանական ճարտարապետության օրինակներ են, որոնք հայերը փորձել են յուրացնել, իսկ այժմ Ադրբեջանը լայնածավալ մոնիթորինգ ու պեղումներ է իրականացնում դրանք «վերականգնելու» համար (https://arxeologiya.az/news/728):

Այս ամենը տեղավորվում է համապետական քարոզչական քաղաքականության մեջ, ինչը հստակ երևում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում կայացած «Պատերազմ և խաղաղություն. ադրբեջանական իրականություն» թեմայով գիտական կոնֆերանսի լուսաբանումներից: Այնտեղ ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբբեյլին և այլ բանախոսներ փառաբանում են 44-օրյա պատերազմում և 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններում Ադրբեջանի հաղթանակը՝ հայտարարելով «Զանգեզուրի միջանցքի» աշխարհաքաղաքական նշանակության մասին և ընդգծելով, որ ադրբեջանական արվեստն ու գրականությունը պետք է ակտիվորեն արտացոլեն «Մեծ վերադարձի» և Արցախի նկատմամբ վերահսկողության հաստատման թեմաները (https://science.gov.az/az/news/open/37221):

Նույն հարթակում անցկացված «Աղվանական հուշարձանները Ղարաբաղի տարածքում. պատմական իրականություն և հայկական կեղծիք» կոնֆերանսի ժամանակ Ֆարհադ Գուլիևը կրկին պնդում է, թե հայերը կատարել են համակարգված հանցագործություններ՝ բրոնզեդարյան բնակավայրերը կապելով հայերի նախնիների հետ, աղվանական տաճարները հայկականացնելով և մզկիթները ոչնչացնելով կամ պարսկական ներկայացնելով, ու հավելում, որ Տող գյուղի «աղվանից իշխանների պալատական համալիրում», Հադրութում և Ավետարանոցում իրականացվող ադրբեջանական պեղումները կոչված են «գիտականորեն բացահայտելու հայկական ստերը» ( https://science.gov.az/az/news/open/37170):

Այս նույն միջոցառման ընթացքում դոցենտ Ռամիլ Աղաևը զարգացնում է այդ միտքը՝ հայտարարելով, թե պատմական տարեգրությունները, այդ թվում՝ Մովսես Կաղանկատվացու աշխատությունը, ապացուցում են, որ Աղվանքի բնակիչները քրիստոնեություն են ընդունել հայերից դարեր առաջ և պատկանում են այլ դավանաբանական հոսանքի: Նա պնդում է, թե հայերի փորձերը՝ գրի ու այբուբենի միջոցով յուրացնելու Արցախի ու Նախիջևանի հուշարձանները, հակասում են գիտությանը, իսկ Արցախի խաչքարերն ու գերեզմանաքարերը պարունակում են արևի, լուսնի ու թռչունների խորհրդանիշներ, որոնք իբր վկայում են դրանց «բուն աղվանական» ծագման և տեղանունների ու անունների ոչ հայկական լինելու մասին (https://science.gov.az/az/news/open/37171; https://science.gov.az/az/news/open/37173):

Այս բոլոր հրապարակումների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմի առաջ քաշած թեզերը հիմնված են խորքային մանիպուլյացիաների և պատմական փաստերի նպատակային խեղաթյուրման վրա: Առաջին ակնհայտ մանիպուլյացիան Աղվանից կաթողիկոսության իրական պատմական կարգավիճակի նենգափոխումն է․ պատմագիտորեն հաստատված փաստ է, որ Աղվանից եկեղեցու քրիստոսաբանությունն ու ծիսակարգը և դրանից բխող ճարտարապետությունը, կոթողային մշակույթն ու պատկերագրությունը եղել են նույնական Հայ առաքելական եկեղեցու հետ: Ինչ վերաբերում է գրավոր և ժամասացության լեզվին, ապա աղվաներեն այբուբենի սահմանափակ օգտագործումը Կուրից հյուսիս ուղեկցվում էր հայերենի հմատաչած օգտագործմամբ: Իսկ Կուրից հարավ՝ Ուտիքի և Արցախի բնակչությունը  կազմում էին հայերը, գրավոր-եկեղեցական լեզուն միայն և միայն հայերեն էր: Պատահական չէ, որ այդ տարածքներում հազարավոր հայերեն արձանագրությունների դիմաց չունենք աղվաներն գեթ մեկ տառ: 12-րդ դարից սկսած Աղվանից կոչվող կաթողիկոսության դավանական ու մշակութային կյանքը համարյա ամբողջությամբ կենտրոնանում է Արցախում և Ուտիքում՝ քաղաքական ու ռազմական պաշտպան ունենալով հայկական իշխանական տները: 14-ր դարից սկսկած Գանձասարը դառնում է Աղվանից կաթողիկոսանիստ, որը գլխավորում էին Հասան-Ջալալյանների հայկական իշխանական տան ներկայացուցիչները: Այնպես որ Աղվանից կաթողիկոսության վերածումը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմերի «ժառանգության բռնազավթում» անվանելը պատմական իրականության բացահայտ խաթարում է:

Դրան հաջորդող մանիպուլյացիան նյութական մշակույթի անհերքելի փաստերի արհամարհումն է․ Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի, Ծիծեռնավանքի և Արցախի մյուս հազարավոր հուշարձանների վրա առկա վիմագիր արձանագրությունները, խաչքարերն ու ձեռագրերը գրված են դասական հայերենով և ներկայացնում են հայկական միջնադարյան ճարտարապետական ու քանդակագործական դպրոցը: Արցախի խաչքարային հորինվածքներում քրիստոնեական խորհրդանշանների  չիմացությունը, դրանք չեզոք «տիեզերական» եզրով բնորոշելը չեն կարող հիմք լինել դրանց ոչ հայկական, աղվանական կամ ուդիական հնարանքների համար:

Ամենավտանգավոր մանիպուլյացիան, սակայն, գիտական պեղումների և վերականգնման անվան տակ պետականորեն կազմակերպվող անօրինական միջամտություններն են․ ադրբեջանական պաշտոնական կառույցների կողմից հայտարարվող լայնածավալ հնագիտական արշավախմբերը իրականում նպատակ ունեն հիմնավորելու հայկական արձանագրությունների, խաչերի ու վիմագրերի պլանավորված ոչնչացումն ու ձևափոխումը, ինչը մշակութային յուրացման և պատմական հետքերը ջնջելու հստակ քաղաքականություն է:

Այսպիսով, ադրբեջանական պաշտոնական ու գիտական ինստիտուտների կողմից իրականացվող այս արշավը ոչ թե պատմական ճշմարտությունը բացահայտելու նպատակ ունի, այլ ծառայում է որպես քաղաքական գործիք՝ բռնազավթված տարածքներում հայկական ինքնության, պատմական ներկայության ու հոգևոր-մշակութային ժառանգության հետքերը վերջնականապես ջնջելու և պետական մակարդակով իրականացվող մշակութային յուրացումն արդարացնելու համար:


Հետևեք
 մեզ՝ այստեղ



Leave a comment