Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում

Factor TV-ն էլեկտրոնային նամակ է ստացել խնդրանքով՝ լրագրողական ուսումնասիրություն անցկացնել «Գուստավ» ռեստորանում տեղի ունեցած ենթադրյալ հանցագործության մասով։ Ըստ նամակի՝ տեղեկություններ կան այն մասին, որ ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցիկ է տեղադրել աղջիկների համար նախատեսված սանհանգույցում։

Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ առանց խմբագրման։ Նամակին կցված է նաև էկրանանկար (screenshot) ռեստորանի վերաբերյալ առցանց կարծիքների գնահատման բաժնից, որտեղ այցելուներից մեկը գրել է այդ մասին։

«Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել Գուստավի հետ կապված մի մտահոգիչ դեպքի վրա, որի մասին վերջերս տեղեկացել եմ Telegram-ի ալիքներից մեկի միջոցով և կարծում եմ՝ այն արժանի է անկախ լրագրողական ուսումնասիրության։

Հրապարակված տեղեկության համաձայն՝ մի կին հայտնել է, որ ռեստորանի մենեջերը, ենթադրաբար, իր հեռախոսը տեղադրել է կանանց զուգարանի լվացարանի տակ և գաղտնի նկարահանել այցելուներին։ Ըստ նույն հրապարակման՝ երբ կինը հայտնաբերել է հեռախոսը և առերեսել մենեջերին, վերջինս հաստատել է, որ հեռախոսն իրենն է։ Ռեստորանը հրապարակային արձագանքում նշել է, որ տվյալ անձը մենեջերն էր և աշխատանքից ազատվել է։

Ինձ մտահոգում է, որ որևէ հրապարակային տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք դեպքը հաղորդվել է ոստիկանությանը կամ այլ իրավասու մարմիններին, արդյոք ուսումնասիրվել են հնարավոր տեսագրությունները և արդյոք կարող են լինել այլ տուժածներ։ Բնօրինակ մեկնաբանությունը արդեն հեռացված է իրենց review-ներից։

Խնդրում եմ Ձեր խմբագրությանը անկախորեն ստուգել և ուսումնասիրել դեպքը և պարզել՝ ինչ է իրականում տեղի ունեցել և արդյոք որևք իրավական ընթացք ստացել է դեպքը»։

Ահազանգի մասով Factor TV-ն կապ հաստատեց Ներքին գործերի նախարարության հետ։ Մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը փոխանցեց, որ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր և առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։

Կոմիտեն դեռ հաղորդումը չի ստացել. իրավապահ կառույցից Factor TV-ին խոստացան ստանալուն պես՝ տեղեկացնել։

Factor TV-ն փորձեց կապ հաստատել նաև «Գուստավ» ռեստորանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Պատրաստ ենք ամբողջությամբ հրապարակել նաև ռեստորանի պարզաբանումը։

Ռոզա Վարդանյան

Leave a comment