«Նախկին խորհրդարանում խուլիգաններն ավելի շատ էին». Կարեն Դուրգարյանը ԱԺ-ի ծեծկռտուքը երկրի զարգացում է համարում

ԱԺ-ում այսօր պատգամավորների միջադեպն ու ծեծկռտուքը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը բնորոշում է որպես երկրի զարգացում։

«Մեկ բառով կբնորոշեի՝ երկրի զարգացում։ Ես շատ լավ հիշում եմ նախկին ծեծկռտուքները խորհրդարանում, թե ինչ է եղել։ Իհարկե, կուզեի կիրթ խորհրդարան ունենալ՝ կարդացած, զարգացած մարդկանց ավելի շատ քանակով։ Իհարկե, անհամեմատելի է այսօրվա խորհրդարանը 20 կամ 30 տարի առաջվա խորհրդարանի հետ։ Այն խուլիգանները, որ առաջ խորհրդարանում էին, այսօր նրանց քանակը քչացել է»,- Aravot.am-ին ասաց Դուրգարյանը։

Նրա խոսքով՝ պատգամավորների այսօրվա պահվածքը նաև կրթության պակասի հետևանք է։

«Մենք երկար տարիներ ուսումից կտրված ենք եղել»,- ասաց նա։

Մեր հարցին, թե ոչ կիրթ պատգամավորներ տեսնում է միայն ընդդիմության մեջ, թե նաև իշխանական «գրատախտակի մոտ գնացած» պատգամավորների շրջանում, ի պատասխան ասաց․

«Դուք պատկերացնում եք, որ ես հեռուստացույց չունեմ ու չեմ էլ ուզում ունենալ կամ հետաքրքրվել, թե ինչ է կատարվում։ Ես բացարձակ չեմ հետևել, ապրում եմ գյուղում, ճամփորդում եմ ու գնում աշխատանքի, փորձում լինել երջանիկ»։

Մեր հարցին, թե ով է պատասխանատու այն բանի համար, որ խորհրդարանում քաղաքական բանավեճը հասնում է ֆիզիկական բախման, ի պատասխան ասաց․

«Ցանկացած բախում, ցանկացած գոռգոռոց, ցանկացած աղմուկ, ցանկացած կռիվ դպրոցի հետևանք է։ Մենք 30 տարի ջախջախված ենք եղել։ Բոլորը խոսում են՝ այսօր այսպես է եղել, իսկ ո՞վ է վերադարձնելու իմ ու իմ նմանների երիտասարդությունը։ Իմ երիտասարդությունը գողացել են, ո՞վ է վերադարձնելու»։

Մեր դիտարկմանը՝ էլի նախկիններն են մեղավոր, իսկ ներկանե՞րը, ի պատասխան այսպես արձագանքեց․

«Ամեն ինչ ունի իր ֆունդամենտը։ 30 տարի քանդված երկիր է եղել, քանդված դպրոց է եղել։ Կրկնում եմ՝ իմ երիտասարդությունը որևէ մեկը չի կարող վերադարձնել»։

Մեր դիտարկմանը, թե խորհրդարանում և ընդհանրապես երկրում տիրող քաոսային իրավիճակի համար ընդդիմությունը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ հենց նա է ոչ ցենզուրային, փողոցային լեքսիկոնը բերել խորհրդարան, Կարեն Դուրգարյանն ասաց․

«Ես ընդհանրապես չեմ տեսնում, որ երկրում կա քաոս։ Երկրում կա էվոլյուցիա և առաջընթաց։ Այն քանակի դպրոցները, որ տեսնում եմ՝ սարքվում են, այն քանակի երիտասարդություն, որ ձգտում է սովորել, երբևէ չեմ տեսել։ Ես գտնում եմ, որ որևէ քաոս չկա։ Երկիրը գնալով զարգանում է։

Իսկ որ լեքսիկոնից եք խոսում, իսկ երբ որ փողոցում գնդակահարում էին, դա ի՞նչ ասենք, դրան ո՞նց գնահատական տանք։ Երբ որ զինվորի հացը գողանում էին, դրա գնահատականը ո՞վ է տալու»։

Մեր դիտարկմանը, թե ընդդիմությունն էլ քննադատում է, որ միայն հացով չէ, զինվորին հիմա տրվող ելակը անվտանգության հարցերը չի լուծում, Կարեն Դուրգարյանն այսպես արձագանքեց․

«Ես չգիտեմ՝ ինչ են ասում, ես կարող եմ մի բան միայն փաստել՝ երկիրը զարգանալու ճանապարհին է»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment