Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ Արամ Վարդեւանյանն անդրադարձավ նաեւ օրերս Հայաստանի սահմանը ապօրինի հատած ադրբեջանցու հետ կապված իրավական խնդիրներին։
«Վստահ եմ՝ բացի սահմանի ապօրինի հատման, ներթափանցման եւ մի շարք այլ հանգամանքներից, մենք ունենք նաեւ մարդու կյանքի դեմ ոտնձգության դեպքը, որը ոչ թե մեկ, այլեւ երեխաների, հետեւաբար, մի խումբ անձանց նկատմամբ իրականացրած ոտնձգություն է։
Ըստ էության, այն նկարագիրը, որ ես լսել եմ ԶԼՄ-ների հրապարակումների միջոցով, կարելի է ասել, վկայում է ընդհուպ մինչեւ մի խումբ անձանց նկատմամբ սպանության փորձի մասին։ Կդժվարանամ հիմա ասել, բայց նայած, թե ինչպիսի իրավական գնահատական կտրվի, այստեղ ընդհուպ, մինչեւ ցմահ ազատազրկումը կարող է դիտարկվել, որովհետեւ կարծես անձի կամքից անկախ է, որ վրա չի հասել ողբերգական հետեւանքը։
Ադրբեջանցու ազգային պատկանելիությունը, կարծում եմ, տեղին է ընդգծել, որովհետեւ դա փաստական տվյալ է։ Իր մտադրությունը եղել է ընդհուպ մինչեւ այդպիսին։ Այսինքն, այլ հարց, որ մենք գործ ենք ունեցել բացառիկ մի իրավիճակի հետ։ Մայրական բնազդն է հենց նաեւ գործել։ Եվ առիթից օգտվելով՝ քաջառողջություն մաղթենք մեր հայրենակցին։ Որքան հասկանում եմ, նաեւ մարմնական վնասվածքն էլ է բավականին ծանր ու լուրջ, որի մասին, կարծես թե, նկատելի էր, որ փորձում էին դա թաքցնել»,-ասաց Արամ Վարդեւանյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: