Վինսենթ Վան Գոգի նամակներն առաջին անգամ հայերեն են թարգմանվել բնագրից․ «Վերնատունը» Ազգային պատկերասրահում ներկայացրեց բացառիկ ժողովածուն

Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Վերնատուն» հրատարակչության «Վինսենթ Վան Գոգ․ Կյանքը նամակներում» գրքի շնորհանդեսը։ Ժողովածուն առաջին անգամ հայերեն է թարգմանվել անմիջապես բնագրերից՝ հոլանդերենից, ֆրանսերենից և անգլերենից, ինչը հնարավորություն է տալիս հայ ընթերցողին բացահայտելու մեծանուն նկարչի ներաշխարհը, տանջանքներն ու ստեղծագործական ուղին։

Ժողովածուում ժամանակագրական հերթականությամբ ներկայացված են Վան Գոգի՝ 1880-1890 թվականներին գրված 76 ընտրովի նամակները։ Գրքի հիմքում ընկած է նամակների բնագրերի լիակատար ուսումնասիրությունը, որն իրականացրել են Ամստերդամի «Վան Գոգի թանգարանը» և «Հյուգենս ինստիտուտը»։

Անդրադառնալով «Առավոտի» այն հարցին, թե 900-ից ավելի նամակների առկայության պայմաններում ինչպես է հնարավոր եղել ապահովել հայերեն տպագիր տարբերակի համապատասխանությունը միջազգային չափանիշներին, «Վերնատուն» հրատարակչության ղեկավար Ներսես Տեր-Վարդանյանը պարզաբանեց․

«Տեսեք, թարգմանությունն արվել է հենց արդեն կազմված ժողովածուից, որը կազմել են Վան Գոգի թանգարանի աշխատակիցները և Նիդերլանդների արվեստների և գիտության թագավորական ակադեմիայի աշխատակիցները միասին։ Սա խորը գիտական ուսումնասիրության արդյունքում կազմված ժողովածու է, և մենք իրենց արդեն հավաքած ժողովածուն ենք թարգմանել։

Տրամաբանությունը բավական գիտական է իրենց կազմելու․ ներառում է Վան Գոգի ապրած բոլոր քաղաքները, բոլոր ժամանակները և համեմատաբար ամբողջական պատկեր է տալիս Վան Գոգի կենսագրության բոլոր էջերից։ Ձգտել են հնարավորինս բալանսավորված պահել նյութերը, որտեղ ներկայացված կլինեն և՛ Վան Գոգի հարաբերություններն իր հարազատների հետ, և՛ Վան Գոգի պատկերացումները արվեստի, գրականության ու մշակույթի մասին։ Կարդացողը հնարավորինս ամբողջական պատկերացում է կազմում ոչ միայն Վան Գոգի մասին, այլև այն ժամանակաշրջանի մասին, որտեղ ինքն ապրել է։ Բացի այդ, գրքի առաջին հատվածում կա նաև Վան Գոգի ամփոփ կենսագրությունը՝ հղում անելով այդ նամակներին»։

Անդրադառնալով նկարչի հուզական վիճակին և լեզվական բարդություններին՝ գրքի թարգմանիչ Աննա-Մարիա Մատտառը Առավոտին պատմեց, թե որքան դժվար է եղել աշխատանքը բնագրերի հետ․

«Ինքը շատ զգացմունքային մարդ էր, այդպես էլ գրում էր։ Եվ հենց այն պատճառով նրա նամակները մեկ-մեկ շատ դժվար հասկանալի են։ Եթե ինքը բորբոքվում էր, այնպես էր գրում, որ ես նրա հոլանդերենը համարյա թե չէի հասկանում՝ հոլանդացի լինելով։ Բայց ինձ թվում է ստացվեց։ Իհարկե իմ թարգմանությունը խմբագրվեց… Խմբագիրը շատ լավ գործ արեց։ Դե բոլորս էլ չարչարվեցինք, բայց ինձ թվում է լավ թարգմանություն է ստացվել և լավ գիրք է ստացվել»։

Թարգմանիչը նաև հավելեց, որ շատ նամակներ սկզբում թարգմանել է հոլանդերենից, սակայն հետո հասկացել է, որ Վան Գոգը դրանք գրել է ֆրանսերենով, ուստի նորից է սկսել թարգմանությունը՝ արդեն ֆրանսերեն բնագրերից․ «Վինսենթն ու ես իրար շատ լավ հասկացանք, որովհետև նրա ֆրանսերենը, հա, այնքան էլ ճիշտ չէր․ ֆրանսերեն բառերով էր, բայց հոլանդերենի մտածողությամբ»։

Գրքի խմբագիր Արմեն Սարգսյանը ներկայացրեց ժողովածուի գիտական արժեքը․

«Սա սովորական նամակների ժողովածու չէ, սա գիտական հրատարակություն է, որովհետև տեքստերը նամակներում ուղեկցվում են քննադատական հոդվածներով, որոնք գրել են գիրքը կազմողները։ Կցված են ծավալուն ծանոթագրություններ, տեղանունների, անձնանունների ցանկեր»։

Արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Չուքազյանը կարևորեց գրքի լույսընծայումը արվեստաբանների և լայն ընթերցողների համար․

«Այս նամակները բացառիկ հնարավորություն են մեզ համար հաղորդակցվելու այս զրույցներին, որ նա ունեցել է իր եղբոր հետ։ Հնարավորություն է բացահայտելու նրա մարդկային խառնվածքը, որովհետև շատերս նրա մասին ամբողջական պատկերացում չունենք։ Նա պատմում է, թե որքան է աշխատում, ինչպես է տխրում, ինչպիսի հուզումներ ու ապրումներ է ունենում այս ստեղծագործությունները անելիս»։

Հավելենք, որ ժողովածուում բոլոր այն նամակները, որոնց կցված են եղել Վան Գոգի էսքիզները, ներկայացված են լուսապատճեններով։ Ընդգրկված են նաև այն լուսանկարներն ու գործերը, որոնց մասին նկարիչն ակնարկում է իր նամակագրության մեջ։

Միջոցառման ավարտին կազմակերպվել էր նաև ինտերակտիվ խաղ-վիկտորինա՝ նվիրված Վինսենթ Վան Գոգի կյանքին ու ստեղծագործությանը։ Լավագույնս պատասխանած 3 մասնակիցները հաղթող ճանաչվեցին և որպես նվեր ստացան «Վինսենթ Վան Գոգ․ Կյանքը նամակներում» նորատիպ գիրքը։  

Գրքի կազմի հեղինակն է Էլեն Շահբազյանը։ Հայերեն հրատարակությունն իրականացվել է Գրականության հոլանդական հիմնադրամի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։

Արգինա ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment