Հոբելյան, որ վերածվեց սիրո և փառաբանության հզոր ձոնի՝ առ Հայաստան

Սեպտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում նշվեց անվանի կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր Կոնստանտին Պետրոսյանի 80-ամյա հոբելյանը:

Երեկոն մեկ անգամ ևս փաստեց, որ նա ինչպես ստեղծագործական ոլորտում, այնպես էլ կատարողական արվեստում բազմաժանր, բազմատաղանդ և ինքնատիպ անհատականություն է։ Ապացույցը երեկոյի ընթացքում հնչած խմբերգային, մանկական, ջազային, վոկալ-գործիքային ստեղծագործություններն էին, որոնցից շատերը Հայաստանում հնչում էին առաջին անգամ, և Մաեստրոն մեկ հանդես էր գալիս որպես խմբավար, մեկ որպես դաշնակահար, և իհարկե, ավելի շատ որպես պարզ ունկնդիր՝ երբեմն հուզված, երբեմն՝ հմայված…

Խոր արտահայտչականությամբ և նուրբ զգացմունքայնությամբ հնչեց կոմիտասաշունչ «Հայրենի ղողանջներ» ժողովրդական երգերի մշակումների շարքը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան)։ Սրտառուչ աղոթքի պես դահլիճում տարածվեց Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի խոսքերով գրված  «Տիրամայր» ստեղծագործությունը` սոպրանո Սոֆյա Մելքումյանի կատարմամբ (նվագակցող՝ Նվարդ Ալոյան)։ Հայաստանում առաջին անգամ կատարվեց նաև քառաձայն երգչախմբի համար գրված «Վոկալիզը», իսկ 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծված «Ազգ Հայկազեան» երգը (խոսք՝ Գևորգ Կարապետյանի) կարծես հույսի, վերածննդի ու անկորնչելիության պատգամ էր կործանարար երկրաշարժն ապրած ժողովրդին։

Կոմպոզիտորի մանկական պայծառ ու թեթևաշունչ «Տիեզերք» և «Շոկոլադե ժամացույցը» (խոսք՝ Արամայիս Սահակյանի) ստեղծագործությունները շատ պատկերավոր ու արտիստիկ մատուցեցին Հայաստանի հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթի սաները (գեղարվեստական ղեկավար՝ Վահե Հայրապետյան)։

Դահլիճը մեծ ոգևորություն ապրեց կոմպոզիտորի ջազային ստեղծագործությունների կատարումներից, որով հանդես եկավ  Հայաստանի պետական ջազ նվագախումբը (ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան)։ Հնչեցին «Կոնցերտ ձայնի և նվագախմբի համար»  (մենակատար՝ Աննա Վարդազարյան), ինչպես նաև «Գյումրի» և «Գառնի», «Վարիացիաներ ֆլյուգերհոլնի և նվագախմբի համար» (մենակատար՝ Դանիել Մելքոնյան) ստեղծագործությունները։

Երաժշտական այս հսկայական, բազմաժանր և ծավալուն համապատկերն ի հայտ է բերում Կոնստանտին Պետրոսյան ստեղծագործողի տաղանդը, ինքնատիպությունը, վարպետությունը, անսահման նվիրումն իր կոչումին, իր ծագումին և ազգային պատկանելությանը։  Այս բոլոր բնութագրումները կարող են բազմապատկվել  նրա  միայն մեկ ստեղծագործության՝ «Հայաստան» (խոսք՝ Նանսեն Միքայելյանի) էպիկական երգի պարագայում, որն այս անգամ հնչեց տենոր Տիգրան Հակոբյանի կատարմամբ՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի, Պետական կամերային երգչախմբի նվագակցությամբ, իսկ դաշնամուրի մոտ՝ ինքը մաեստրոն էր… Այդ երգով ավարտվեց երեկոն, բայց չավարտվեց երգի ստեղծած տրամադրությունն ու ազդեցությունը։ Վստահ եմ, որ ինչպես ես, մնացած ներկաները նույնպես տուն վերադարձան՝ իրենց հոգու և ունկերի մեջ ամուր պահած այդ երգը, երգ, որը միշտ և ամենուր հնչում է որպես սիրո, փառաբանության հզոր ձոն, որպես խոնարհում, աղոթք ու երդում՝ առ Հայաստան…

Նշենք, որ միջոցառումն իրականացրել էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Սեյրանուհի Գեղամյան

«Առավոտ» օրաթերթ
02.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment