Հայաստանի իշխանությունների կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը և 2024 թվականի փետրվարի 1-ից ՄՔԴ լիիրավ անդամ դառնալը ներկայացվում էր որպես արտաքին անվտանգության, միջազգային իրավական պաշտպանության և Ադրբեջանի հնարավոր հանցագործությունների կանխարգելման քաղաքական-իրավական քայլ, սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այս որոշման շուրջ ձևավորված պաշտոնական հիմնավորումների, հանրային սպասումների և իրական քաղաքական արդյունքների միջև գոյություն ունի լուրջ խզում։
Հայաստանը Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր դեռևս 1999 թվականին, սակայն երկար ժամանակ չէր վավերացրել այն՝ սահմանադրական խոչընդոտների, արտաքին քաղաքական հաշվարկների և տարածաշրջանային անվտանգային հավասարակշռության պատճառով։ 2022 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարությունը հայտարարեց վավերացման գործընթաց սկսելու մասին՝ դա կապելով Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի և հետագայում այդ հանցագործությունները միջազգային քրեական իրավունքի գործիքակազմով գնահատելու անհրաժեշտության հետ։ Պաշտոնական հիմնավորումների առանցքային տարրն այն էր, որ Հայաստանը ոչ միայն միանում է դատարանին ապագայի համար, այլ նաև ճանաչում է ՄՔԴ իրավազորությունը հետադարձ ուժով՝ 2021 թվականի մայիսի 10-ից, այսինքն՝ այն ժամանակահատվածից, երբ ադրբեջանական զինված ուժերի ներխուժումները Հայաստանի Հանրապետության տարածք, սահմանային բախումները, զոհերը, ռազմագերիների, խոշտանգումների, ապօրինի սպանությունների, քաղաքացիական բնակչության նկատմամբ ճնշումների և տարածքային օկուպացիայի հետ կապված դրվագները կարող էին դիտարկվել միջազգային քրեական իրավունքի տրամաբանության մեջ։
ՀՀ Սահմանադրական դատարանի հրապարակած տեղեկության համաձայն, կառավարության նախաձեռնությունը հենց այդ հետադարձ ճանաչման բաղադրիչն էր պարունակում՝ ՄՔԴ իրավազորությունը 2021 թվականի մայիսի 10-ից ընդունելու նպատակով։ Սակայն հենց այստեղից էլ սկսվում է հիմնական հակասությունը։ Եթե Հայաստանի իշխանությունները հանրությանը ներկայացնում էին այս քայլը որպես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրավական հետապնդման, պատերազմական հանցագործությունների արձանագրման և Հայաստանի դեմ նոր ոտնձգությունները զսպելու մեխանիզմ, ապա Հայաստանի անդամակցությունից հետո հանրային դաշտում այդ սպասումները փաստացի չարդարացան կամ առնվազն չստացան այն տեսանելի ընթացքը, որը ներկայացվում էր վավերացման պահին։
ՄՔԴ-ն դասական իմաստով այն դատարանը չէ, որտեղ պետությունը «հայց» է ներկայացնում այնպես, ինչպես ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հռոմի կանոնադրության համակարգում պետությունը կարող է իրավիճակ փոխանցել դատախազին, կարող է տեղեկություն ներկայացնել, կարող է համագործակցել, սակայն կոնկրետ քրեական հետապնդումը, մեղադրանքի կառուցումը և ձերբակալման օրդերների պահանջը ՄՔԴ դատախազության լիազորությունների շրջանակում են։
Այս տարբերությունը շատ կարևոր է, որովհետև հայաստանյան քաղաքական խոսույթում հաճախ խառնվում են միջազգային դատարանների բնույթները. ՄՔԴ-ն քրեական դատարան է, որը պատասխանատվության է ենթարկում անհատներին՝ ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության և ագրեսիայի հանցագործության համար, մինչդեռ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում պետություններն են վիճարկում միմյանց միջազգային պարտավորությունների խախտումները։ Հետևաբար, եթե իշխանությունը հանրությանը ներկայացրել էր պատկեր, թե անդամակցությունը գրեթե ինքնաշխատ կերպով բացելու է Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ քրեական գործընթացների դուռը, ապա դա կա՛մ չափազանցված քաղաքական խոստում էր, կա՛մ թերի բացատրություն։
ՄՔԴ անդամակցությունը իրավական հնարավորություն է ստեղծում, բայց ինքնին գործ չի բացում, ինքնին օրդեր չի առաջացնում և ինքնին չի ապահովում ո՛չ տարածքների ապաօկուպացիա, ո՛չ սահմանային անվտանգության երաշխիք, ո՛չ էլ Ադրբեջանի քաղաքական վարքի արմատական փոփոխություն։
Այդուհանդերձ, նույնիսկ եթե ընդունենք, որ ՄՔԴ մեխանիզմը դանդաղ, բարդ և բարձր ապացուցողական շեմ ունեցող համակարգ է, Հայաստանի իշխանությունների քաղաքական պատասխանատվությունը դրանից չի նվազում։ Եթե վավերացման ժամանակ հանրությանն ասվել է, որ այս քայլը անհրաժեշտ է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում կատարված հանցագործություններին իրավական գնահատական տալու համար, ապա անդամակցությունից հետո պետք է լիներ հստակ, հրապարակային, հետևողական և փաստաթղթավորված պետական ռազմավարություն։ Հիմա պետք է արդեն հանրությունը տեղյակ լիներ, թե ինչ նյութեր են հավաքվել, ինչ իրավական թիմեր են ներգրավվել, ինչ հաղորդումներ կամ իրավիճակային ներկայացումներ են փոխանցվել ՄՔԴ դատախազությանը, բայց դրա փոխարեն ՀՀ իշխանությունները հերթական խոշոր զիջմանն են գնացել՝ համաձայնելով միջազգային դատարան նոր հայցեր չներկայացնելու և եղածներից էլ հրաժարվելու պահանջին։ Ստացվում է, որ հանրությանը վաճառվել է իրավական անվտանգության փաթեթ, բայց իրական քաղաքական գործընթացում այն ոչ միայն չի օգտագործվում, այլև դարձել է փոխանակման առարկա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կամ երկկողմ կարգավորման բանակցություններում։
ՄՔԴ-ին անդամակցությունը Հայաստանի համար ստեղծեց նաև մյուս՝ ավելի զգայուն հարթությունը, որը կապված է Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Հիշեցնենք, որ 2023 թվականին ՄՔԴ-ն ձերբակալման օրդեր էր տվել Ռուսաստանի նախագահի նկատմամբ՝ Ուկրաինայի հետ կապված գործի շրջանակում։ Արդյունքում Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը Մոսկվայում ընկալվեց ոչ թե որպես միայն ադրբեջանական ուղղությամբ իրավական գործիքակազմի ստեղծում, այլ նաև որպես Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ միջազգային քրեական դատարանի որոշումների կատարման պարտավորություն ունեցող երկրի կարգավիճակ ընդունելու քայլ։ Հայաստանի իշխանությունները փորձում էին մեղմել այդ լարվածությունը՝ պնդելով, որ վավերացումը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ պայմանավորված է Հայաստանի անվտանգային կարիքներով։ Քննարկվում էր նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համաձայնագրի հնարավորությունը, որը կարող էր փորձել կարգավորել բարձրաստիճան պաշտոնյաների անձեռնմխելիության կամ ՄՔԴ պարտավորությունների կիրառման հարցերը։ Սակայն նման համաձայնագրի իրավական արդյունավետությունը և Մոսկվայի վստահությունը դրա նկատմամբ ակնհայտորեն սահմանափակ էին, քանի որ Հռոմի կանոնադրության անդամ պետության հիմնական պարտավորությունները չեն վերանում միայն քաղաքական հայտարարությամբ։
Լավ, եթե նույնիսկ մի պահ ընդունենք, որ ՄՔԴ-ին անդամակցությունը պետք է լիներ անվտանգության գոնե հավել յալ երաշխիք Ադրբեջանի դեմ, բայց գործնականում չի կանխում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ շարունակվող ճնշումները, «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական-քարոզչական օրակարգի շահարկումը, Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացված մնալը և սահմանային սպառնալիքների պահպանումը, ապա այդ դեպքում արդյոք այդ քայլի միջոցով Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը համարժեք և հաշվարկված գին էր։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: