ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել է բացառապես մեկ անձ՝ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Մուսաևը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
«Նկատի ունենալով, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում Ադրբեջանի Հանրապետության զինծառայող Մուսաևի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ տարբեր սոցհարթակներով, լրատվամիջոցներով և այլ հանրային հարթակներով տարածվում են իրականությանը չհամապատասխանող լուրեր, հարկ ենք համարում կրկին պարզաբանել, որ ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ՝ Ն. Մուսաևը, որը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է դատարանի որոշմամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԱԾ–ի` մյուս բոլոր տեղեկությունները, որ եղել են մեկից ավելի անձինք, դիվերսանտներ և մինչ այժմ իրավապահ մարմինների կողմից տարվում են որոնողական աշխատանքներ, բացարձակ անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը:
Գերատեսչությունը հանրությանը հորդորում է հետևել պաշտոնական հաղորդագրություններին:
Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։
Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով։ Նա կալանավորվել է 2 ամսով։