«Աստված ամենայն առողջություն տա սյունեցի Անի Ավետիսյանին եւ նրա երեխաներին։ Արժանի քաղաքացիներ են մեծանում, որ կարողացել են զինված հանցագործին այդպիսի հակահարված տալ»,- ասաց Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում՝ խոսելով Շաքի գյուղի բնակիչ Անի Ավետիսյանի եւ նրա երեք զավակների՝ ադրբեջանցի զինված ստահակին արժանի հակահարված տալու մասին։
«Եթե չլիներ Անի Ավետիսյանի դանակով հարձակումը, երեխաների հարձակումը, այդ ադրբեջանցին կշարունակեր մտնել ուրիշ տներ, եւ մենք ընդհանրապես կարող էինք ունենալ նոր զոհեր։ Արյունաքամվող, գիտակցությունը կորցնող կինը կարողացել է զանգահարել ոստիկանություն, իր եղբորը եւ փաստորեն կանխել այդ ադրբեջանցի զինվորական հանցագործի հետագա քայլերը։ Այսինքն, ինքն իր առողջության գնով կանխել է մեկ այլ հնարավոր զոհերի ավելացումը։
Եկեք նախ սառնասրտորեն փորձենք հասկանալ, թե իրականում ինչ հակապետական քայլեր են կատարված եղել։ Ես այսօր առավոտյան «Ավրորայի» հեռուստաեթերում լսում էի, որ Արմեն Եղոյանը նշանակվել է ԱԺ հատուկ հանձնախմբի ղեկավար, որն արդեն խորհրդարանում քննելու է վարչապետի հասարակայնության հետ կապերի ծառայության պատրաստած զեկույցը եկեղեցու վերաբերյալ։
Իսկ ո՞ւր է այն հանձնախումբը, որը շատ արագընթաց կարգով պետք է ուսումնասիրի եւ պարզի, թե ՀՀ ԱԱԾ-ն ինչպիսի հանցագործություններ է թույլ տվել։ Որովհետեւ ի՞նչ գիտենք, թե էլ ովքեր կարող են ադրբեջանական բանակից մուտք գործել Հայաստան, որը Արցախի անկումից հետո բաց սահման ու վերք է Ադրբեջանի առաջ։ Պարզվում է՝ նրանք կարող են մուտք գործել Հայաստան ու նրանց ոչ մեկը չի հանդիպելու։ Ոչ միայն ԱԱԾ-ից։ Մենք գիտենք չէ՞, որ ՊՆ-ից սահմանների հսկողությունը վերցրին եւ տվեցին սահմանապահներին ԱԱԾ-ի հետ մեկտեղ։
Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանը տեղեկացրել է չէ՞, որ Լաչինի N զորամասից այսինչ քաղաքացին, համոզված եմ, որ տեղեկացրել են, որ այդ զինվորականը զինված է, հայտնվել ՝է Հայաստանի տարածքում։ Ու նա այդ տարածքից եկել, հասել է Սիսիանի շրջանում գտնվող Շաքի գյուղ։ Եվ դեռ պարզ էլ չի, թե նա ճանապարհին ինչ հանցագործություններ է, գուցե, կատարել, որ մենք դեռ չգիտենք։ Ո՞ւմ է կողոպտել։ Նա զգեստափոխված է եղել։ Հայտնի չէ նաեւ, թե նա մենա՞կ է եղել։
Այսինքն, տեղեկությունը եկել է։ ՀՀ ԱԱԾ-ն անմիջապես մոտակա բնակավայրերի քաղաքացիներին պետք է տեղեկացներ, որ կա զինված հանցագործ։ Դա մշակված պրակտիկա է ամբողջ միջազգային փորձից հայտնի, որ երբ հանցագործ է փախչում ինչ-որ վայրից, անգամ քո պետության հանցագործը, անմիջապես մոտակա տարածքներում ռադիոյով, հեռուստատեսությամբ, մարդկանց տներ գնալով հայտարարում են։
Բոլորին պետք է պատասխանատվության ենթարկել։ Ո՞վ է ստացել հաղորդագրությունը, ինչո՞ւ անմիջապես դա չի ուղարկվել ոստիկանություն։ Պետք է անմիջապես ուղարկվեր ՊՆ, ՆԳՆ։ Պետք է ուղարկվեր Հ1, որ միայն Թաթայի համերգը ցույց չտային, այլ ցույց տային, որ փախել է մարդ։
Տիկին Դիլբարյանը եւ հարցազրուցավար Անժելա Թովմասյանը հիշեցին, որ երբ իրենք շուրջ 10 կանանցով, որոնց մոտ զենք չկար, հավաքվել, ակցիա էին անում «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու խնդրագիրը հանձնելով, 40 ավտոբուս ոստիկանություն էր բերվել։
«Մենք պետք է հետեւողականորեն պահանջենք՝ շատ արագ ստեղծել հանձնախումբ, բացահայտել, գտնել ԱԱԾ այն անդամներին, որոնք այդ տեղեկությունը ստացել եւ պահել են գզրոցում»,-ասաց տիկին Դիլբարյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: