Հայաստանում 2025 թվականից ի վեր շինհրապարակներում 33 դժբախտ դեպք է գրանցվել։ Այս տվյալը ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը:
«2025 թվականի ընթացքում տեղի է ունեցել 25 դժբախտ դեպք, ինչի հետևանքով մահացել է 10, վնասվածքներ է ստացել 15 մարդ: 2026 թվականին 8 դժբախտ դեպք է եղել, բայց գրանցվել է 9 մահ»,- ասաց նա։
Սարգսյանի խոսքով՝ նախորդ տարի 30 վարչական վարույթ է հարուցվել։ Նա պարզաբանեց, որ մեկ դեպքի վերաբերյալ կարող է մի քանի վարույթ հարուցվել, քանի որ դժբախտ դեպքի պարագայում առանձին վարույթ կարող է հարուցվել կառուցապատողի սխալի վերաբերյալ, բայց հետո մեկ այլ վարույթ լինի, երբ պարզվի, որ այնտեղ գործող այլ ՍՊԸ-ի աշխատակիցն է խախտում արել:
Ընթացիկ տարում էլ 10 վարչական վարույթ է հարուցվել ԱԱՏՄ-ում։
Տեսչական մարմինը վարույթ է հարուցում, եթե դեպքը կապված է անվտանգության նորմերի խախտման հետ։
Հիշեցնենք` վերջին դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 29-ին Երևանի Տիչինայի փողոցի շինհրապարակում, որտեղ վերամբարձ կռունկ էր ընկել։ Պատահարի հետևանքով մահացել էին կռունկավարը և ևս 2 աշխատակից։