ՔԿ-ն միջնորդել է կալանավորել Շաքի ներխուժած ադրբեջանցուն – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Քննչական կոմիտեն միջնորդել է կալանավորել ՀՀ սահմանը հատած, Սիսիանի Շաքի գյուղում հայ կնոջն ու նրա երեխաներին վնասվածքներ հասցրած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին, տեղեկանում ենք ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանի գրառումից։

«Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»,- գրել է Ավդալյանը։

ՀՀ սահմանը հատած ադրբեջացի զինծառայողը հոկտեմբերի 1-ին Շաքիում կրակել էր հայ կնոջ վրա, ավելի ուշ դատախազությունից հայտնել էին, որ տուժել են նաև նրա երեխաները։ Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ կնոջ վիճակը կայուն է, երկու երեխայինը՝ բավարար։ Շաքիի բնակիչներից մեկն Armenia Today-ին պատմել էր, որ ավտոմատով զինված ադրբեջանցին բնակչուհուն վնասել է երեք երեխայի ներկայությամբ։

Զինծառայողը նույն օրը ձերբակալվել էր։ Դեպքի առնչությամբ 5 հոդվածով քրեական վարույթներ էին նախաձեռնվել, որոնք կքննվեն միասին։ Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)՝ ադրբեջանցին լքել է իր ծառայության վայրը, ինչի մասին հայկական կողմին Ադրբեջանից տեղեկացրել են դեռ սեպտեմբերի 29-ին, որից հետո որոնողական աշխատանքներ էին սկսվել։

Armenia Today

Leave a comment