Երգ, պար, շքեղ դեկորներ․ Պարոնյան թատրոնը ներկայացնում է «Նկարում ենք Լա-Լա Լենդ» մյուզիքլը

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը սկսել է 85-րդ թատերաշրջանը, մեկնարկն էլ տրվել է բացօթյա միջոցառմամբ: «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց թատրոնի տնօրեն Լիլիթ Ստեփանյանը:

Լիլիթ Ստեփանյան

Նա անդրադարձավ նաեւ թատերաշրջանի ընթացքում սպասվող ներկայացումներին, մասնավորապես՝ հոկտեմբերի 3-ին, 4-ին և 6-ին սպասվելիք պրեմիերային: Այդ օրերին թատրոնը հանդիսատեսին կներկայանա «Նկարում ենք Լա-Լա Լենդ» մյուզիքլով:

«Այսօր Պարոնյան թատրոնը շատ մեծ քայլեր է իրականացնում թատրոնի զարգացման ուղղությամբ: Մեկ տարվա ընթացքում արդեն ունեցել ենք նոր ներկայացումներ, նոր պրեմիերաներ՝ կոմեդիաներ, մանկական ներկայացումներ, պարային առանձին ներկայացումներ՝ «Լա Բոհեմ» և «Տանգո», որոնք շատ ջերմ են ընդունվել հանդիսատեսի կողմից: Իսկ հիմա գնում ենք երաժշտական թատրոնի, մյուզիքլի զարգացման ուղղությամբ, որի հնարավորությունը արդեն լիովին ունենք: Ինչպես նշեցի, հոկտեմբերի 3-ին, 4-ին և 6-ին հանդիսատեսին կներկայացնենք «Նկարում ենք Լա-Լա Լենդ» մյուզիքլը: Հետաքրքիր է, որ այս մյուզիքլի պրեմիերան համընկավ սիրված հոլիվուդյան մյուզիքլի տասնամյակի հետ: Բայց հանդիսատեսը թող չսպասի, որ այս ներկայացումը լինելու է ֆիլմի կրկնօրինակը․ մենք տեղափոխվում ենք Հոլիվուդի ֆիլմի նկարահանման հարթակ, որտեղ «Լա-Լա Լենդի» արդեն ծանոթ և սիրված կերպարների հետ կհանդիպենք այլ կերպարների:

Մեկնաբանության հեղինակը և բեմադրության ռեժիսորը Լիլի Էլբակյանն է: Շատ հետաքրքիր, շատ բուռն ստեղծագործական պրոցեսի մեջ ենք: Որոշ տեսարանների համար գրվել է նոր երաժշտություն, երաժշտության հեղինակն է Մարիամ Շահինյանը, ով նաև կկերտի գլխավոր հերոսուհու՝ Միայի կերպարը: Գլխավոր հերոսի կերպարը կկերտի Ներսես Ավետիսյանը, բեմանկարիչը Մարիամ Մուրադյանը, հագուստների նկարիչն է Մարինա Թադևոսյանը, և ի՞նչ մյուզիքլ առանց պարերի․ խորեոգրաֆն է Քրիստինա Ավագիմյանը: Մյուզիքլը հանդիսատեսին ներկայացնելու ենք շքեղ դեկորներով, գունեղ հագուստներով, տեխնիկական հնարքներով, երգով, պարով․ համարյա Բրոդվեյան որակի մյուզիքլ է»,-ասաց Լիլիթ Պետրոսյանը:

Միային մարմնավորած Մարիամ Շահինյանի ձևակերպմամբ՝ Լիլի Էլբակյանը իսկապես բացառիկ ռեժիսոր է, ով հրաշալի է աշխատում արտիստների հետ: «Ես ինձ արդեն ահագին ժամանակ է՝ որպես Միա եմ ընկալում, ոչ թե որպես Մարիամ: Այդքան բոլորիս կարողացել է վարակել և մտցնել ներկայացման մեջ: Նաև մի բան եմ ուզում ասել, ինչը ինձ համար շատ կարևոր է: Այսօր թատրոնում ամենամեծ խնդիրը, որ ես առհասարակ նկատում եմ, ժամանակից կտրված լինելն է: Այս ներկայացման ամենակարևոր կողմերից մեկը այն է, որ մենք հասկանում ենք, որ 21-րդ դարում ենք, և սա ոչ միայն ինչ-որ պարզապես զվարճալի, կոմերցիոն, «հա-հի-հի» պրոյեկտ է, այլ դու կարող ես անել լուրջ, լավ դրամա և լինել այսօրվա մեջ ու չլինել էժան»,-ասաց նա:

Մարիամ Շահինյան

Ասուլիսի ժամանակ նշվեց, որ խաղացանկի զարգացմանը զուգահեռ նախատեսվում են նոր նախագծեր, որոնք հնարավորություն կտան թատրոնին ներկայանալ նոր ձևաչափերով և ընդլայնել հանդիսատեսի շրջանակը։

Ասուլիսն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment