Նախկին պաշտոնյաների հատուկ կենսաթոշակից զրկելու կարգը կփոխվի (PAN.am)

Կառավարությունն առաջարկում է փոխել պետական պաշտոն զբաղեցրած անձանց, այդ թվում՝ նախկին նախագահների համար նախատեսված հատուկ կենսաթոշակից զրկելու պայմանները։

Գործող կարգավորմամբ նախկին բարձրաստիճան պաշտոնյան կարող է զրկվել պաշտոնավարման համար օրենքով նախատեսված հատուկ կենսաթոշակից, եթե պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվել է, հայտնում է Sputnik Արմենիան:

Այժմ առաջարկվել է այդ սահմանափակումը կիրառել միայն այն դեպքում, երբ անձը դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր դիտավորյալ հանցագործության համար։ Այսպիսով, անզգուշությամբ կատարված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելն այլևս ինքնին հատուկ կենսաթոշակից զրկելու հիմք չի լինի։

Նախկին պաշտոնյաներին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում հատուկ կենսաթոշակից զրկելու կարգավորումն ընդունվել է 2022 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության ժամանակ։

Մինչ այդ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելն առանձին հիմք չի հանդիսացել նախկին պաշտոնատար անձին հատուկ կենսաթոշակից զրկելու համար։

2022 թվականին օրենքը փոփոխվել է, և սահմանվել է, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը հատուկ կենսաթոշակի իրավունք չունի, եթե պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար նրա նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։

Այսինքն՝ եթե, օրինակ, նախկին նախագահը բավարարել է հատուկ կենսաթոշակ ստանալու մյուս պայմանները, ապա մինչև այդ փոփոխությունը միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված լինելու հանգամանքով հատուկ կենսաթոշակի իրավունքից չի զրկվել։

Հատուկ կենսաթոշակը սովորական տարիքային կենսաթոշակ չէ։ Այն օրենքով սահմանվել է որոշակի պետական պաշտոններ զբաղեցրած անձանց համար և պայմանավորված է նրանց նախկին պաշտոնով։

Օրինակ՝ նախկին նախագահը, եթե պաշտոնանկ չի արվել, օրենքի համաձայն ստանում է գործող նախագահի պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով կենսաթոշակ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո տարբեր քրեական գործեր են հարուցվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մի շարք նախկին նախարարների նկատմամբ։

Leave a comment