ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում խուճապ չկա ադրբեջանցու` գյուղում հայտնաբերելուց հետո։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շաքիի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել և կրակել բնակիչներից մեկի ոտքին։ Գյուղացիներից մեկը Sputnik Արմենիային պատմեց, որ վիրավոր կինը հասցրել է դանակով հարված հասցնել ադրբեջանցի զինծառայողին։ Նրան տեղափոխել են Երևան։
«Գյուղում ոչ խուճապ կա, ոչ էլ անհանգստություն։ Մարդիկ բնականոն աշխատում են, մանկապարտեզն ու դպրոցը` նույնպես։ Ի՞նչ է պատահել, որ մի հատ էլ խուճապ լինի։ Երբ դեպքը տեղի ունեցավ, ես ինքս էլ զգուշացրել եմ, որ զգոն լինեն, քանի որ կարող է զինված մեկը լինել։ Ոչ մեկ չգիտեր՝ ադրբեջանցի է, թե ոչ, նման բան չի ասվել»,- ընդգծեց Մանուչարյանը։
Sputnik Արմենիայի հարցին, թե հստակ ինչ ինֆորմացիայի է տիրապետում՝ վարչական ղեկավարը շեշտեց՝ այդ օրն իր բնականոն աշխատանքով է զբաղվել, կոմունալ տեխնիկան է աշխատանքի գցել։ Այդ ժամանակ հանկարծ տեսել է, որ պարեկային ծառայության մեքենա է գյուղ եկել, ինքն էլ այդ ուղղությամբ է գնացել, բայց ամեն ինչ ավարտված է եղել։
Պնդում է՝ չգիտի քանի հոգի են ու հստակ որտեղից են բռնել, ու կարևորություն էլ չտվեց, թե որտեղ են վնասազերծել զինված անձին։
Մանուչարյանը նաև ընդգծեց, որ որպես գյուղացի, ինքն էլ լսել է, որ տուժած կինը ոտքից՝ ազդրի կամ կոնքի հատվածում է վիրավորվել, բայց չգիտի, թե ինչով է վիրավորվել։
Ինչ վերաբերում է երեխաներին, որոնք նույնպես վնասվածքներ են ստացել, ապա վարչական ղեկավարը նրանցից էլ տեղեկություն չուներ, ոչ էլ հասցրել է այցելել տուժած ընտանիքին, որովհետև զբաղված է եղել։
Շաքիի գյուղացիներից մեկը նշեց, որ իրենք հենց դեպքի օրն են իմացել, որ իրենց գյուղում զինված օտարազգի անձ կա։
«Էրեկ ենք իմացել, որ թուրք կամ ադրբեջանցի կա, Իշխանասարի կողմից ա իջել։ Տուժած ընտանիքը մեր գյուղացիներից չէ, նրանք վարձով են ապրում այստեղ։ Վախ չկա գյուղում, առհասարակ էլ բոլորիս դռները բաց են, ինչի՞ց պետք է վախենանք։ Մարդիկ Երևան գնալիս են միայն դուռը փակում բանալիով»,- ասաց գյուղացի տղամարդը։
Հարևաններից տիկին Հեղինեն շեշտեց, որ տուժած կինն ամուսնալուծված է, իր 3 երեխային ամեն ինչով ապահովում է, նրանից որևէ վատ բան չի տեսել։
«Էրեխեքը ցերեկներն են գալիս այդ տուն, հետո մայրը գալիս է ու տանում իրենց։ Էրեխեքից մեկն է սկզբում նկատել, որ տան պատուհանը կոտրած է ու անմիջապես մորն է զանգել։ Մայրն էլ եկել է ու դեպքը տեղի է ունեցել (նկատի ունի ադրբեջանցու կրակոցը-խմբ․)։ Ադրբեջանցուն այդ տնից ահագին հեռու են գտել՝ ընկած, ինքն էլ է վիրավոր եղել։ Կինն էլ է հարվածներ հասցրել, որդիներից մեկն էլ։ Ասում են գիշերն է մտել, սնվել է այդ տանը։ Մենք էլ հետո ենք տեղեկացել, թե ինչ է եղել, չի լսվել մեր մոտ»,- նշեց տիկին Հեղինեն։
Խոսելով վախի կամ խուճապի մասին՝ նա ընդգծեց, որ վախ չկա, տան դուռը իրենք էլ են բաց պահում, բայց փոքր-ինչ անհանգստություն պարբերաբար ունենում են, որ ապահով չեն։
Հիշեց, որ նմանատիպ դեպք եղել է նաև Գորիսի հատվածում։
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության` ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին։