ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել TRIPP ծրագրի ընթացքի մասին և նշել, որ գործնական փուլին անցնելը հնարավոր կլինի 2027-ի սկզբին:
Նրա փոխանցմամբ՝ ծրագիրն առաջ է ընթանում նախատեսված ժամանակացույցին համապատասխան, իսկ ուսումնասիրությունն առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում կամփոփվի, հայտնում է Factor.am-ը:
«Դրա ուսումնասիրությունը պատվիրված է, գիտեք, ամերիկյան ընկերությունը իրականացնում է, շուտով դրա արդյունքները կլինեն, գնահատումը կիրականացվի, որից հետո արդեն կանցնի գործնական փուլի»,- ասել է Մկրտչյանը։
Դեսպանի խոսքով՝ ծրագրի շրջանակում արդեն մի շարք գործընթացներ են իրականացվել, այդ թվում՝ զարգացման ընկերության գրանցման, ինչպես նաև ամերիկյան ֆինանսական կառույցների հետ առնչվող փուլերը։
«Բազմաթիվ պատվիրակություններ են և՛ մեր կողմից այցելել Վաշինգտոն, և՛ Վաշինգտոնից են միջգերատեսչական տարբեր հանդիպումներ ունեցել, և հիմա արդեն ծրագիրը հասունացել է և հասել է արդեն գործնական իրականացման փուլ»,- ընդգծել է դեսպանը:
Մկրտչյանի փոխանցմամբ՝ գործնական փուլին անցումը հնարավոր կլինի 2027 թվականի սկզբին։
«Հուսով ենք` հիմնարկեքի արարողությունը 2027 թվականի սկզբին արդեն հնարավոր կլինի իրականացնել»,- նշել է նա
Վարչապետի աշխատակազմի կողմից եկեղեցու շուրջ ստեղծված «ճգնաժամի» վերաբերյալ հրապարակված զեկույցին անդրադառնալով՝ Մկրտչյանը հայտնել է, որ փաստաթուղթն ամբողջությամբ դեռ չի ուսումնասիրել, սակայն ծանոթանում է դրա բովանդակությանը։
«Բնականաբար, դրանց մեծ մասը հանրային աղբյուրներից վերցված տեղեկություններ են, և պետք է ասեմ, որ եղած տեղեկատվության մեծ մասը նորություն չէր ինձ համար»,- ասել է նա։
Դեսպանը մասնակցում է «Աղոթքի նախաճաշ» համաժողովին:
Հայաստանը և Միացյալ Նահանգները հունիսի 4-ին հեռավար ձևաչափով ստորագրել են TRIPP -ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։