Փաստաբան․ Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, առնչվող 4 ընկերության տարածքների մի մասը շարունակում է կապարակնքված մնալ, դրանց վերաբերյալ քննիչների որոշումները բողոքարկվել են դատարանում։ Այդ մասին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նա հավելել է, որ Սեդրակ Քոչարյանին առնչվող բոլոր դեպքերի վերաբերյալ բողոքներն այս պահին դատարաններում են, և պաշտպանական կողմը սպասում է դատական ակտերի կայացմանը։

Կապարակնքված տարածքների թվում հիմնականում եղել են «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոնի գրասենյակները, «Փլեյ Սիթի» ժամանցային համալիրը, «Տոյոտա Երևանը» և «Օրանժ Ֆիտնեսը»։

«Կարծում եմ՝ երկու շաբաթվա ընթացքում որոշումներ կլինեն։ Ես դեռ չգիտեմ՝ այդ որոշումներից հետո ինչ են անելու, որովհետև դատական ակտերն անմիջապես ուժի մեջ են մտնում։ Բայց այդ որոշումները որ լինեն, իմ կարծիքով` կբացվեն, ընկերությունները կաշխատեն առնվազն ինչ-որ մի պահ»,- ասել է Օրբելյանը։

Փաստաբանը նշել է, որ կապարակնքված մի շարք այլ ընկերություններ արդեն վերսկսել են իրենց գործունեությունը, սակայն Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների փակված տարածքները դեռ չեն բացվել։ Որպես օրինակ նա մատնանշել է նաև Սեդրակ Քոչարյանին առնչվող «Գալերիա» մոլը՝ ընդգծելով, որ այնտեղ իրացվող ապրանքների որոշ մասը սեզոնային բնույթ ունի։ Օրբելյանի խոսքով՝ գործունեության երկարատև դադարը կարող է ընկերությունների համար հանգեցնել ապրանքների արժեքների վերանայման, զեղչեր կիրառելու անհրաժեշտության, ինչպես նաև տնտեսական այլ հետևանքների։

Փաստաբանի ներկայացմամբ՝ խնդիրը չի սահմանափակվում միայն Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերություններով։ Օրբելյանի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանում տարբեր անձանց և բիզնեսների հետ կապված մոտ 60 կամ ավելի վայրեր են կապարակնքված եղել։

Նրա խոսքով՝ դրանց շարքում կան Սեդրակ Քոչարյանին, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներին և գործարար ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող ընկերություններ։ Միաժամանակ կապարակնքվածների թվում կան նաև բիզնեսներ, որոնք նշված անձանցից որևէ մեկի հետ անմիջական կապ չեն ունեցել։

Օրբելյանը նշել է, որ որոշ դեպքերում տնտեսվարողի միակ առնչությունն այն է եղել, որ վերջինս շուկայական պայմաններով տարածք է վարձակալել մեկ այլ անձի սեփականությունը հանդիսացող գույքում և այնտեղ ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն է իրականացրել։

Փաստաբանը որպես օրինակ ներկայացրել է «Առինջ մոլը»՝ շեշտելով, որ այնտեղ գործունեություն իրականացնող բազմաթիվ տնտեսվարողներ Գագիկ Ծառուկյանի աշխատակիցներ չեն։

«Եթե մենք «Առինջ մոլն» էլ հաշվենք, դա 60 չի լինելու, դառնալու է 600»,- նշել է Օրբելյանը։

Օրբելյանը կապարակնքումները համարել է ոչ իրավաչափ։ Իր դիրքորոշումը նա հիմնավորել է այն հանգամանքով, որ պետական և քննչական մարմինները կարող են կատարել միայն այն գործողությունները, որոնք ուղղակիորեն նախատեսված են օրենքով։

Փաստաբանի մեկնաբանությամբ՝ քրեական դատավարության շրջանակում քննիչը խուզարկություն իրականացնելիս կարող է սահմանափակել անձանց մուտքը խուզարկվող տարածք՝ քննչական գործողության բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով։ Այդ սահմանափակումը, սակայն, գործում է միայն խուզարկության ընթացքում, իսկ անհրաժեշտ նյութեր հայտնաբերելու դեպքում դրանք կարող են առգրավել։

«Մենք այս ամբողջ կառուցվածքը դիտելու պայմաններում չենք տեսնում քննիչի մոտ որևէ գործիքակազմ՝ խուզարկության շրջանակում կապարակնքելու, իսկ խուզարկությունից դուրս կապարակնքելու որևէ իրավասություն ընդհանրապես չունեն»,- ասել է Օրբելյանը։

Նա հավելել է, որ որոշ դեպքերում կապարակնքման սահմանափակ լիազորություններ ունեն վարչական վարույթի շրջանակում ստուգումներ իրականացնող մարմինները, այդ թվում՝ հարկային մարմինը։ Սակայն նման լիազորությունների համար սահմանված են կոնկրետ հիմքեր և ժամկետներ։ Այդ պատճառով Օրբելյանը չի ընդունում այն հիմնավորումը, ըստ որի՝ տարածքը հնարավոր է երկար ժամանակ փակ պահել՝ հետագայում քննչական կամ ապացուցողական գործողություն իրականացնելու նպատակով։

«Մենք արդեն տեսնում ենք, որ մի շարք ընկերություններ արդեն բացվել են, օրինակ` BMW-ն, և ակնկալում ենք, որ սեղմ ժամկետում մնացած բոլոր ընկերությունների դեպքում նույնը կլինի: Ակնկալում ենք, որ պետք է նույնը լինի, որովհետև դա է՛լ ավելի տարօրինակ կլինի, որ որոշների դեպքում որոշում ընդունեն, որ դա ոչ իրավաչափ է, որոշների դեպքում մեկ էլ հանկարծ պարզվի՝ իրավաչափ է, որովհետև այդ գործիքը ընդհանրապես չի կարող իրավաչափ լինել»,– ընդգծել է Օրբելյանը։

Փաստաբանի ներկայացմամբ՝ կապարակնքումների ազդեցությունը վերաբերում է ոչ միայն ընկերությունների սեփականատերերին, այլև դրանց աշխատակիցներին։ Նա հիշեցրել է, որ հատկապես վաճառքի ոլորտում աշխատավարձը հաճախ կազմված է ֆիքսված մասից, ինչպես նաև վաճառքի արդյունքներից կախված հավելավճարներից և պարգևավճարներից։ Հետևաբար գործունեության դադարեցումն անմիջապես ազդեցություն է ունեցել աշխատողների եկամուտների վրա։

Օրբելյանը չի ներկայացրել Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերություններում հարկադիր պարապուրդում հայտնված աշխատակիցների ամբողջական թիվը՝ պարզաբանելով, որ բոլոր ընկերությունների իրավական հարցերով ինքը չի զբաղվում։ Նրա կարծիքով՝ եթե հաշվարկում ներառվեն ոչ միայն Սեդրակ Քոչարյանին, այլև մյուս անձանց առնչվող ընկերությունների աշխատողները, խոսքը մեծաթիվ մարդկանց մասին կլինի։

«Այս պահին առկա տեղեկություններով՝ 1000-ը գերազանցում է, կարող է մի քանի հազար լինել»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ այս գնահատականում անհրաժեշտ է հաշվի առնել նաև, օրինակ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի», ինչպես նաև «Օնիրա քլաբ» խաղատան և դրա հետ կապված հյուրանոցային համալիրի գործունեության սահմանափակումների հետևանքով աշխատանքային խնդիրների հանդիպած մարդկանց։

«Ընդ որում` հիմնականում միջինից բարձր աշխատավարձ ստացող անձինք են։ Բավականին մեծ արտահանում ապահովող, տուրիստների հոսք և Եվրոպայի հետ ապրանքաշրջանառություն ապահովող ընկերությունների մասին է խոսքը: Այսինքն՝ ինքնին ինքը բոլոր պարամետրերով առաջացնում է լրջագույն խնդիրներ»,– մանրամասնել է փաստաբանը։

Օրբելյանը խնդրահարույց է համարել նաև կապարակնքումները բացառապես քաղաքական գործընթացների համատեքստում դիտարկելը։ Նրա տեսակետի համաձայն՝ եթե նման գործելակերպն ընդունելի պրակտիկա դառնա, հետագայում այն կարող է կիրառվել ցանկացած տնտեսվարողի նկատմամբ։

«Եթե այս պահին փորձ է արվում ինչ-որ քաղաքական խնդիր լուծել, միջնաժամկետ սա դառնալու է լրջագույն տնտեսական լծակ մնացած բոլոր տնտեսական մասնակիցների հետ կապված»,- ասել է Օրբելյանը։

Փաստաբանի գնահատմամբ՝ հարկային և քննչական մարմիններն այժմ փորձարկում են մի գործիք, որը հետագայում հնարավոր է կիրառվի նաև քաղաքական գործընթացների հետ որևէ առնչություն չունեցող բիզնեսների նկատմամբ։

Leave a comment