Սեպտեմբերի 27-ը ՀՀ-ում սահմանված չէ որպես սգո կամ հիշատակի օր՝ այսպես է մեկնաբանել Հանրային հեռուստաընկերությունը 44–օրյա պատերազմի 6–րդ տարելիցի օրն իր եթերում երգիչ Թաթա Սիմոնյանի համերգի ցուցադրմանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստատեսությունն իր եթերում ցուցադրել է Գյումրիում կայացած Թաթա Սիմոնյանի համերգի տեսաձայնագրությունը, ինչն արձագանքների և վրդովմունքի ալիք է առաջացրել սոցիալական ցանցերում։ Երգիչ Թաթան հայտարարել է, որ անթույլատրելի է 44-օրյա պատերազմի տարելիցի օրը իր համերգը Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրելը։ Հաջորդ օրը Հանրայինը ներողություն է խնդրել համերգի հեռարձակման համար։
Հեռուստաընկերությունը լրատվամիջոցին տված պարզաբանման մեջ հիշեցրել է, որ պաշտոնական հրապարակմամբ արդեն հայտնել է՝ ամբողջությամբ ընդունում է կատարվածի պատասխանատվությունը և չի փորձում այն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային այլ հանգամանքներով։
«Ինչ վերաբերում է ծրագրի նկարահանման և նախնական եթերային պլանավորման ժամկետներին, հայտնում ենք, որ հեռարձակված համերգային ծրագիրը նախապես արտադրված հեռուստատեսային բովանդակություն է, որը ներառվել էր եթերացանցում մինչև սեպտեմբերի 27-ի եթերը: Ծրագիրը հնարավոր էր տեղափոխել այլ եթերային օր, և հենց այս հանգամանքի բացթողումն է, որ Հանրայինը գնահատում է որպես թույլ տրված սխալ»,–հայտնել են հեռուստաընկերությունից:
Հանրայինից նաև ընդգծել են, որ հեռուստաընկերության եթերացանցի կազմավորումն ու վերջնական հաստատումն իրականացվում են համապատասխան ծրագրային պատասխանատուների կողմից՝ ներքին սահմանված աշխատանքային ընթացակարգերին համապատասխան։
Նշվել է, որ այս դեպքում Հանրայինը պատասխանատվությունը որևէ առանձին աշխատակցի չի վերագրել և որպես կառույց ամբողջությամբ ստանձնել է այն։ Միաժամանակ հայտնել են նաև, որ նման դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով արդեն վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը։
«Հարկ ենք համարում նաև հստակեցնել, որ գործող օրենսդրությամբ սեպտեմբերի 27-ը ՀՀ-ում սահմանված չէ որպես սգո կամ հիշատակի օր: 2026 թվականի հունվարի 20-ին ընդունված և հունվարի 21-ից ուժի մեջ մտած ՀՕ-1-Ն օրենքով «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը» սահմանվել է հունվարի 27-ը»,–նշել են Հանրայինից:
Հոկտեմբերի 1-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերում համերգի ցուցադրումն անվանել է «անպատեհություն»։