Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում նախատեսվում է վերանայել թաղման նպաստների հատկացման հասցեականությունը և ազատված միջոցներն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը։ Բացի այդ, ավարտին է մոտենում հանրային ծառայողների սոցիալական փաթեթի ծրագիրը՝ պայմանավորված աշխատավարձերի բարձրացմամբ և առողջության ապահովագրության համակարգի ներդրմամբ։ Այս մասին հայտնեց Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

Թաղման նպաստը շարունակելու է տրամադրվել միայն անապահովության համակարգում գտնվող քաղաքացիներին։ Մյուս բոլոր դեպքերում այդ հատկացումները (տարեկան մոտ 4 միլիարդ դրամ) կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը։

Կառավարությունը կենսաթոշակների բարձրացման նպատակով հատկացնելու է հավելյալ մոտ 5,5 միլիարդ դրամ։ Նվազագույն կենսաթոշակը ներկայիս 46,000 դրամից կդառնա 47,000 դրամ, իսկ տարատեսակ նպաստները նույնպես կբարձրանան մինչև 47,000 դրամ։

Աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում նախատեսվում է 500 դրամի բարձրացում։ Կբարձրանան նաև զինվորական կենսաթոշակները՝ համապատասխան բանաձևերին համահունչ։

«Մեր որոշումը ունի հիմքեր, որովհետև դա հասցեական չի եղել՝ այդ նպաստի կիրառումը… դա պետք է տրվի այն քաղաքացիներին, որոնք ունեն կարիք»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Հունվարի 1-ից բարձրանալու է նաև հանրային ծառայողների աշխատավարձը։ Միևնույն ժամանակ, 200,000 դրամից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիները ներգրավվելու են առողջության ապահովագրության համակարգում։

Առողջության ապահովագրության համակարգն արդեն ծածկելու է շուրջ 1․8 միլիարդ քաղաքացու (թոշակառուներ, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք) բուժման և դեղորայքի ծախսերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment