Կենտրոնական բանկը զգուշացրել է My Fin չլիցենզավորված ընկերության գործունեության վերաբերյալ, որը մեկ հպումով վարկեր է առաջարկում քաղաքացիներին։
«Վերահսկողական մշտադիտարկումների ընթացքում բացահայտվել է, որ սոցիալական ցանցում My Fin UCO անվանումով ներկայացող ընկերությունը (ընկերության փաստացի գործունեության հասցեն՝ ք. Երևան, Մեսրոպ Մաշտոց 1, տվյալ հասցեում գործում է My Fin անվանումով) հանդես է գալիս վարկերի տրամադրման առաջարկով, մասնավորապես՝ առաջարկվում է «One click սպառողական վարկ մեկ հպումով» (մինչև 5 մլն դրամ, սկսած 12.5 տոկոսից, 18-65 տարեկան անձանց համար)»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ My Fin UCO անվանումով որևէ ընկերության Կենտրոնական բանկի կողմից չի տրամադրվել որևէ տեսակի ֆինանսական գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է Կենտրոնական բանկի վերահսկողությունից դուրս:
«Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից»,- ասվում է հաղորդագրությունում: