Ակնհայտ է, որ բյուջեի հետ կապված լրջագույն խնդիրներ ունի Փաշինյանի իշխանությունը, այլապես չէր ընկնի հանգուցյալների «վերջին թոշակը» քերելու ետևից. «Փաստ»

Աշխատանքի և բարեկեցության (չենք ծաղրում, սոցապը հիմա այդպես է կոչվում) նախարարության վերնաշենքում մի «փայլուն» միտք են հղացել: Առաջարկում են, որ «թաղման նպաստը», որին ժողովուրդը վաղուց ի վեր «վերջին թոշակ» է անվանում (հայտնի 200 հազար դրամը, որ տրամադրվում է հանգուցյալ կենսաթոշակառուի ընտանիքի անդամներին, եթե այդպիսիք կան), այսուհետ ոչ բոլորին տրամադրվի:

Փաշինյանն անձամբ հայտարարեց. «Մենք մի ծրագիր ունենք, որն այդքան էլ նպաստավոր չէ՝ թաղման նպաստը, որ բոլորին համատարած տրվում է, մենք որոշեցինք, որ թաղման նպաստի կիրառումն իրականացնենք միայն սոցիալապես անապահովների մասով, մնացած բյուջեն բաշխել և մի փոքր թոշակներն ավելացնել, որպեսզի սկսենք գնաճի կոմպենսացման պրոցեսը»:

Նախ՝ ուշագրավ է, որ Փաշինյանն իրեն բնորոշ ոճով հիշյալ «վերջին թոշակը» չվճարելու հարցը տանում ու արհեստականորեն շաղկապում է… թոշակները բարձրացնելու հետ, ավելի ճիշտ՝ գնաճն, իբր, փոխհատուցելու հետ: Կառավարման տեսանկյունից դա անհեթեթություն է: Նաև ակնհայտ է, որ դա մանիպուլյացիա է:

Ի՞նչ հաշվարկներ կան Փաշինյանի ասածի տակ: Այսինքն, ի՞նչ, ինքը նախապես հաշվել է տվել իր քպական իշխանությանը՝ պարզել, թե տարվա մեջ քանի՞ կենսաթոշակառու է մահանալու, նրանցից քանի՞սն է սոցիալապես անապահով, իսկ քանի՞սը ապահով համարվելու, որպեսզի վերջիններիս մահվանից հետո նախատեսված 200 հազար միանվագ վճարի գումարը չտրամադրի ու այդ չվճարումների հանրագումարում կատաղի գնաճի ինչ-որ փոխհատուցում անի՞:

Թվում է՝ սա շատ լուրջ թեմա չէ: Սակայն հարցն այն է, որ նման որոշումները համադրելիս ի ցույց է դրվում այս իշխանության ողջ «պերճանքը»: Բայց ամեն ինչ իր հերթականությամբ:

Անցյալ տարվա վերջին, կհիշեք, Փաշինյանը գրեթե երդվում էր, որ ոչ մի հնար չունեն կենսաթոշակները բարձրացնելու, որ եթե մի քիչ էլ բարձրացնեն, բյուջեում ահռելի ճեղքեր կառաջանան: Բայց, չնայած այդ սրտաճմլիկ ելույթներին, ԱԺ ընտրություններից գրեթե անմիջապես առաջ Փաշինյանը 10000 դրամով թոշակները բարձրացրեց: Ըստ որում, նման միջոցներ բյուջեում նախատեսված չէին: Ժողովուրդն այդ բարձրացումը բնորոշեց միանգամայն դիպուկ՝ ընտրակաշառք: Ընդդիմադիրները, անկախ փորձագետները հստակ նշեցին, որ դա ընտրակաշառք է՝ ըստ էության:

Ընտրություններն անցան: Փաշինյանը 49 տոկոս «ձայներով» պահեց իշխանությունը: Տեսան, որ հուզում-մուզում չկա, իշխանություններն անցան բարձրացված 10 հազարական դրամները թոշակառուների ու մնացյալ հանրության «քթից բերելուն»: Իսկ «բարձր» թոշակ ստացողները, որ նաև անապահովության նպաստ էին ստանում, նաև դրանից զրկվեցին:

Հաջորդը. ակնհայտ է, որ բյուջեի հետ կապված լրջագույն խնդիրներ ունի Փաշինյանի իշխանությունը, այլապես չէր ընկնի հանգուցյալների «վերջին թոշակը» քերելու ետևից: Բայց մյուս կողմից՝ քպացված վերնախավն էլ, փողից ու կոլեկտիվ պատասխանատվության տագնապից բացի, այլ մոտիվացիա չունի՝ իշխանության մեջ մնալու: Պետք է նրանց կերակրել, այ լապես «կթռչեն»: Այսինքն, կարևորը՝ իրենք ճոխ ապրեն, իրենց աշխատավարձերը բարձրանան, այն էլ՝ կրկնապատիկ: Թե այդ 25 միլիարդ դրամով ի՞նչ սոցիալական հարցեր կարելի էր լուծել հազարավորների համար, արդեն նրանց հետաքրքիր չէ:

 

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment