ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է միգրանտների արտաքսումը երրորդ երկրներ

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումը այն երկրներ, որոնք նրանց նախորդ բնակության երկիրը չեն եղել։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։

«Դատարանը բավարարել է արդարադատության նախարարության անհետաձգելի միջնորդությունը՝ կասեցնելու Բոստոնից ԱՄՆ շրջանային դատավոր Բրայան Մերֆիի որոշման գործողությունը, ըստ որի՝ ներքին անվտանգության նախարարության քաղաքականությունը միգրանտներին այսպես կոչված երրորդ երկրներ արտաքսելու վերաբերյալ անօրինական է», — ասվում է հաղորդագրությունում։

Դատարանը նաև համաձայնել է դեկտեմբերին լսել այս վեճի վերաբերյալ կողմերի փաստարկները, որից հետո այս քաղաքականության վերաբերյալ պաշտոնական որոշում կկայացվի։

Դատարանում պահպանողական մեծամասնությունը կազմում է վեցը՝ երեքի դիմաց։ Երեք լիբերալ դատավորները անհամաձայնություն են հայտնել դատաքննության վերջնական արդյունքից առաջ արտաքսումները անհապաղ վերսկսելու թույլտվության որոշման հետ։

Մերֆիի որոշումը կայացվել է հավաքական հայցի հիման վրա, որը ներգաղթյալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը ներկայացրել էին միգրանտների անունից՝ ձգտելով կանխել, որ ԱՄՆ կառավարությունը նրանց ուղարկի երրորդ երկրներ՝ առանց նախնական ծանուցման և առանց նրանց հնարավորություն տալու հայտնելու այն հնարավոր վնասի մասին, որին նրանք կարող են բախվել։

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ անցյալ տարի իրականացված այս քաղաքականության շրջանակում ավելի քան 25 հազար միգրանտ արտաքսվել է 29 երկիր, ընդ որում նրանց ճնշող մեծամասնությունը ուղարկվել է Մեքսիկա։

NEWS.am

Leave a comment