Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին՝ քննարկելով Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի հիմնական ուղղությունները։
Խաչատրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և վստահություն է հայտնել, որ Ֆլորիան Էսկյուդիեն նշանակալի ներդրում կունենա Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետագա ամրապնդման ու ռազմավարական գործընկերության խորացման գործում։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալ, այդ թվում՝ մանրամասն անդրադարձ կատարելով ոռոգման, ջրամատակարարման, ճանապարհաշինության, ինչպես նաև կրթության ոլորտներում ձևավորված ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին։ Առանձնահատուկ ընդգծվել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը։
Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել վերջին տարիներին երկկողմ առևտրում առկա դինամիկան՝ անդրադառնալով նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև փոխգործակցության խորացման կարևորությանը:
Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը հանդիպել էր նաև մյուս փոխվարչապետ՝ Մհեր Գրիգորյանի հետ: