Հայաստանը՝ Վաշինգտոնի, Անկարայի եւ Բաքվի շահերի ու հաշվարկների խաչմերուկում

Սկիզբը՝ այստեղ:

TRIPP-ի ճանապարհին՝ թուրք–ադրբեջանական տանդեմն ու Հայաստանի ընտրությունը

 

 TRIPP-ի հաջորդ փուլը. սկսվում է մեծ քաղաքական խաղը

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի ամերիկյան հովանավորությամբ ձեւավորված նոր փուլն աստիճանաբար դուրս է գալիս միայն երկկողմ հարաբերությունների շրջանակից։ Եթե առաջին փուլում առանցքային էին խաղաղության քաղաքական պայմանավորվածությունները, ապա այժմ հարցը տեղափոխվում է այլ մակարդակ՝ ինչպե՞ս պայմանավորվածությունները վերածել տարածաշրջանային նոր տնտեսական եւ հաղորդակցային իրականության։ TRIPP-ն այս գործընթացում դառնում է առանցքային գործիք, սակայն դրա շուրջ արդեն ձեւավորվում են ոչ միայն տնտեսական շահեր, այլեւ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի եւ Իրանի տարբեր հաշվարկներ։

Այս իմաստով վերջին օրերի հայտարարությունները կարեւոր են ոչ այնքան իրենց առանձին բովանդակությամբ, որքան այն պատճառով, որ դրանք փաստում են՝ TRIPP-ի շուրջ ձեւավորվող համակարգը մտնում է նոր փուլ։ Վաշինգտոնը փորձում է խաղաղության քաղաքական արդյունքը կապել ներդրումների, ենթակառուցվածքների եւ տարածաշրջանային կապակցվածության հետ, Անկարան բացահայտորեն ընդգծում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման փոխկապակցվածությունը, իսկ Բաքվի համար խաղաղության գործընթացն ու հաղորդակցային օրակարգը շարունակում են մնալ սեփական տարածաշրջանային ռազմավարության կարեւոր բաղադրիչները։

Միեւնույն ժամանակ, այս գործընթացի մեջ Հայաստանի համար ստեղծվում է սկզբունքային խնդիր. ինչպես օգտագործել նոր հնարավորությունները՝ չվերածվելով որեւէ մեկ կենտրոնի հաղորդակցային կամ աշխարհաքաղաքական նախագծի տարածքային հարթակի։

Վաշինգտոնի նպատակը. խաղաղությունից դեպի ներդրումներ

Նախագահ Թրամփի վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործընթացը ներկայացնում է ոչ միայն որպես Հարավային Կովկասում հակամարտության կարգավորման, այլեւ ամերիկյան արտաքին քաղաքականության ավելի լայն արդյունք։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթում ԱՄՆ նախագահը Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության գործընթացը ներկայացրեց իր վարչակազմի արտաքին քաղաքական ձեռքբերումների շարքում։ Նա նաեւ մեջբերեց Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի՝ իր դերակատարությանը վերաբերող գնահատականները։

Սա քաղաքական առումով կարեւոր շեշտադրում է։ Թրամփի համար գործընթացի արժեքը միայն այն չէ, որ երկու երկրները շարժվում են խաղաղության ուղղությամբ։ Այն նաեւ ամերիկյան միջնորդության արդյունավետության ցուցադրություն է, որը պետք է ունենա շարունակություն տնտեսական եւ ռազմավարական մակարդակներում։ Այդ տրամաբանությունն առավել հստակ երեւում է Փաշինյանին ուղղված՝ Հայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Թրամփի շնորհավորական ուղերձում։ ԱՄՆ նախագահը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում «միասին պատմություն են կերտել», իսկ TRIPP-ը ներկայացրել է որպես նախաձեռնություն, որի շրջանակում Միացյալ Նահանգները մտադիր է կառուցել եւ ներդրումներ կատարել Հայաստանում՝ խաղաղության եւ բարգավաճման վերաբերյալ իր հանձնառությունը գործնականորեն առաջ տանելու համար։

Այսպիսով, Վաշինգտոնի ուղերձում արդեն տեսանելի է խաղաղության գործընթացի տրամաբանական հաջորդականությունը՝ քաղաքական պայմանավորվածություն, դրանից բխող տարածաշրջանային կապակցվածություն եւ այդ կապակցվածության մեջ ամերիկյան տնտեսական ներկայության ընդլայնում։

Այստեղ կարեւոր է նկատել մեկ այլ հանգամանք։ Թրամփի գնահատականներում Հայաստանը ներկայացվում է ոչ միայն որպես խաղաղության գործընթացի մասնակից, այլեւ որպես երկիր, որտեղ ԱՄՆ-ը պատրաստվում է ներդրումներ իրականացնել։ Սա TRIPP-ի նշանակությունը Հայաստանի համար տեղափոխում է՝ բացառապես տարանցիկ ճանապարհի գաղափարից դեպի ավելի լայն հնարավորությունների դաշտ։ Արդյոք Հայաստանը կարող է այդ նախագծի միջոցով ներգրավել երկարաժամկետ կապիտալ, տեխնոլոգիական եւ ենթակառուցվածքային ներդրումներ եւ դրանք վերածել սեփական տնտեսական զարգացման գործոնի։

Սակայն այս հնարավորությունը ինքնաբերաբար չի նշանակում, որ տնտեսական շահերը եւ քաղաքական շահերը միշտ համընկնելու են։ Որքան մեծ է արտաքին դերակատարների հետաքրքրությունը Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունների նկատմամբ, այնքան մեծ է նաեւ Հայաստանի համար այդ գործընթացի պայմանների, սեփականության կառուցվածքի, վերահսկողության եւ ինքնիշխանության խնդիրների լուծման կարեւորությունը։

Անկարայի ակնհայտ ակնկալիքները՝ գործողության մեջ

Եթե Վաշինգտոնի մոտեցման կենտրոնում խաղաղության քաղաքական արդյունքը տնտեսական նախագծի վերածելն է, ապա Թուրքիայի դիրքորոշումներում ակնհայտ է մեկ այլ բաղադրիչ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորումը կապել տարածաշրջանային հաղորդակցությունների բացման եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առաջընթացի հետ։

Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, թե Թուրքիան եւ Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում, իսկ Հայաստան-Ադրբեջան խաղաղության վերաբերյալ ընդգծել է Անկարայի աջակցությունը կողմերի քայլերին եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը առաջ մղելու վճռականությունը։

Իսկ Փաշինյան-Էրդողան վերջին հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման պայմանավորվածությունների իրականացումը, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, գործարար կապերը եւ հաղորդակցությունների հարցերը։ ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման համատեքստում ընդգծվել է TRIPP-ի իրականացման եւ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը։

Այսինքն, եթե նախկինում TRIPP-ը հիմնականում դիտարկվում էր որպես ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան ձեւաչափի նախագիծ, ապա այժմ ավելի ակնհայտ է դառնում դրա ազդեցությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նկատմամբ։ TRIPP-ի հաջող իրականացումը կարող է փոխել ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արեւելք-արեւմուտք հաղորդակցության տրամաբանությունը, այլեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական ու տրանսպորտային հարաբերությունների շրջանակը։

Անկարայի շահագրգռվածությունը, սակայն, միայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ չի սահմանափակվում։ Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ը կարող են սերտ համակարգմամբ գործել Կովկասում եւ տարածաշրջանի այլ ուղղություններում, միաժամանակ նշելով Վաշինգտոնի եւ Անկարայի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության գործընթացին։

Այս հայտարարությունը TRIPP-ի համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի։ Այն ցույց է տալիս, որ Անկարան փորձում է իր տեղը գրավել տարածաշրջանային ձեւավորման գործընթացներում, միաժամանակ պահպանելով ԱՄՆ-ի հետ համագործակցության սեփական օրակարգը։ Այսպիսով, TRIPP-ում ամերիկյան եւ թուրքական շահերը որոշ ուղղություններով համընկնում են։

Հայաստանի համար ստեղծվում է բարդ հավասարակշռության խնդիր։ Մի կողմից՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը եւ սահմանների բացումը կարող են լրացուցիչ հաղորդակցային եւ տնտեսական հնարավորություններ ստեղծել։ Մյուս կողմից, սակայն, եթե տարածաշրջանի հիմնական հաղորդակցային ճարտարապետությունը ձեւավորվի Անկարա-Բաքու ընդհանուր պատկերացման շուրջ, Հայաստանի համար կարեւոր է, որ սեփական տարածքով իրականացվող նախագծերի քաղաքական եւ իրավական պայմանները չսահմանափակեն Հայաստանի ինքնուրույն որոշումների հնարավորությունը։

Այդ պատճառով TRIPP-ի հարցում միայն այն հանգամանքը, թե ճանապարհը բացվո՞ւմ է, թե՞ ոչ, բավարար չէ։ Առավել կարեւոր է՝ ինչ պայմաններով է այն բացվում, ով է կառավարում ենթակառուցվածքները, ինչ իրավական ռեժիմ է գործում եւ ինչ տնտեսական ու քաղաքական հարաբերակցություն է ստեղծվում դրա արդյունքում։ Չպետք է մոռանալ Անկարա-Բաքու տանդեպի ակնկալիքները Հայաստանից։ Պահանջների ներկայացման ու դրանց բավարարման հարցում նրանք գործում են միասնական ու համակարգված։

Բաքվի օրակարգը. խաղաղությո՞ւն, հաղորդակցությո՞ւն, թե՞ ավելի լայն տարածաշրջանային հաշվարկ

Ադրբեջանի դիրքորոշումը TRIPP-ի նկատմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացից անջատ չէ։ Բաքվի համար հաղորդակցությունների բացումը երկար ժամանակ եղել է տարածաշրջանային օրակարգի առանցքային ուղղություններից մեկը, եւ TRIPP-ի ձեւավորումը այդ հարցին տալիս է նոր՝ ամերիկյան մասնակցությամբ միջազգային ձեւաչափ։

Սակայն այստեղ կարեւոր է տարբերակել երկու մակարդակ։ Առաջինը Ադրբեջանի պաշտոնական պահանջներն ու ակնկալիքներն են։ Երկրորդը՝ այդ պահանջների հնարավոր երկարաժամկետ քաղաքական նշանակությունը։ Առաջինը կարելի է գնահատել հայտարարությունների եւ բանակցային գործընթացի միջոցով, մինչդեռ երկրորդը պահանջում է ավելի զգույշ վերլուծություն, քանի որ հեռահար նպատակների մի մասը պաշտոնապես ամբողջությամբ ձեւակերպված չէ։

Այնուամենայնիվ, տարածաշրջանային պատկերն արդեն թույլ է տալիս արձանագրել, որ Բաքվի համար TRIPP-ը միայն Հայաստանի տարածքով մեկ հաղորդակցային նախագծի հարց չէ։ Այն կապված է Ադրբեջանի արեւմտյան հատվածի եւ Նախիջեւանի միջեւ կապի, Թուրքիայի հետ ցամաքային կապի ընդլայնման եւ Ադրբեջանի՝ Կենտրոնական Ասիայի հետ կապերի ամրապնդման ավելի լայն տրամաբանության հետ։

Այս համատեքստում թուրք-ադրբեջանական համագործակցությունը ստանում է լրացուցիչ նշանակություն։ Եթե TRIPP-ը գործարկվի որպես տարածաշրջանային արեւելք-արեւմուտք երթուղու բաղադրիչ, ապա այն կարող է մեծացնել Թուրքիայի եւ Ադրբեջանի տնտեսական ու հաղորդակցային կապակցվածությունը եւ միաժամանակ բարձրացնել նրանց դերակատարությունը Կասպից ծովից դեպի Եվրոպա ձգվող երթուղիներում։

Հայաստանի համար այստեղ հիմնական հարցը ոչ թե այն է, թե արդյոք թուրք-ադրբեջանական համագործակցությունը ինքնին վտանգ է, այլ այն, թե ինչ հարաբերակցության մեջ է այդ համագործակցությունը Հայաստանի սեփական շահերի նկատմամբ։ Եթե Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունը կառուցվում է այնպիսի տրամաբանությամբ, որտեղ Հայաստանի դերը սահմանափակվում է միայն տարանցիկ տարածք տրամադրելով, տնտեսական հնարավորությունները կարող են չհամապատասխանել նախագծի քաղաքական ազդեցությանը։ Իսկ եթե Հայաստանը կարողանա սեփական տարածքը վերածել բազմաուղղություն կապերի հանգույցի, ապա նույն աշխարհագրական գործոնը կարող է աշխատել այլ տրամաբանությամբ։

Այս տարբերությունն է, որ TRIPP-ի հարցը դարձնում է Հայաստանի համար ռազմավարական։ Հայաստանը պետք է ոչ միայն մասնակցի ճանապարհի կառուցմանը, այլեւ փորձի ձեւավորել այնպիսի տարածաշրջանային հաղորդակցային համակարգ, որտեղ TRIPP-ը միակ ուղղությունը չի լինի։

Այսինքն, եթե Հայաստանի տարբեր ուղղություններով հաղորդակցությունները զարգանան փոխլրացնող ձեւով, ապա երկրի տնտեսական եւ քաղաքական դիրքը կարող է ավելի քիչ կախված լինել որեւէ մեկ երթուղուց կամ մեկ գործընկերոջ կախվածության խոցելիությունից։

Հաղորդակցությունների բացումը եւ խաղաղության հաստատման գործընթացը փոխկապակցված են

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկա փուլում ամենակարեւոր հարցերից մեկը մնում է խաղաղության քաղաքական պայմանավորվածությունների գործնական ամրապնդումը։ TRIPP-ը կարող է դրան նպաստել, քանի որ տնտեսական փոխկախվածությունը եւ հաղորդակցությունների բացումը տեսականորեն ստեղծում են համագործակցության լրացուցիչ շահեր։ Սակայն տնտեսական նախագիծն ինքնին չի վերացնում քաղաքական հակասությունները։

Այս առումով ուշագրավ է այն, որ նույնիսկ խաղաղության գործընթացի մասին բարձր մակարդակի դրական հայտարարությունների ֆոնին, օրինակ, վերջերս հայ եւ ադրբեջանցի փորձագետների նախատեսված հանդիպումը Երեւանում հետաձգվել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում նախատեսված քննարկումների հետաձգումը բացատրվել է լարվածության թուլացման անհրաժեշտությամբ։

Այս դրվագը ցույց է տալիս, որ քաղաքական մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունը դեռեւս ինքնաբերաբար չի ենթադրում հասարակական, փորձագիտական եւ ինստիտուցիոնալ մակարդակներում կայուն փոխգործակցության։ Խաղաղության գործընթացի երկարաժամկետ կայունությունը կախված է ոչ միայն բարձր մակարդակի հանդիպումներից, այլեւ այն բանից, թե որքանով են կողմերը պատրաստ շարունակել շփումները այն պահերին, երբ քաղաքական միջավայրում լարվածությունը կրկին աճում է։

TRIPP-ի համար սա նույնպես կարեւոր խնդիր է։ Մեծ ենթակառուցվածքային նախագիծը չի կարող երկարաժամկետ արդյունավետ աշխատել, եթե դրա հիմքում ընկած քաղաքական հարաբերությունները մնան անկայուն։

Հետեւաբար, հաղորդակցությունների բացումը եւ խաղաղության գործընթացը փոխկապակցված են երկկողմ ուղղությամբ. խաղաղությունն անհրաժեշտ է հաղորդակցությունների կայուն գործունեության համար, իսկ տնտեսական եւ հաղորդակցային փոխկապակցվածությունը կարող է լրացուցիչ շահագրգռվածություն ստեղծել խաղաղության պահպանման համար։

Այստեղ է, որ ԱՄՆ-ի դերակատարությունը ստանում է առանձնահատուկ նշանակություն։ Վաշինգտոնը ոչ միայն ներկայացնում է իրեն որպես խաղաղության գործընթացի միջնորդ եւ քաղաքական հովանավոր, այլեւ փորձում է մասնակցել այն տնտեսական ենթակառուցվածքին, որը պետք է այդ խաղաղությունը դարձնի երկարաժամկետ շահերի համակարգ։ Սակայն այդ մոդելի հաջողությունը կախված է մի քանի գործոններից՝ կողմերի միջեւ քաղաքական պայմանավորվածությունների կայունությունից ու ամրությունից, ենթակառուցվածքների իրավական եւ կառավարման հստակ մեխանիզմներից, ներդրումների իրականացման թափանցիկությունից եւ Հայաստանի՝ տարբեր ուղղություններով հաղորդակցային հարաբերությունները զուգահեռ զարգացնելու կարողությունից։

Կայուն խաղաղությունը պետք է արտահայտվի ոչ միայն փաստաթղթերով, այլեւ տնտեսական եւ հաղորդակցային շահերով

TRIPP-ի իրական նշանակությունը սկսում է ավելի հստակ երեւալ։ Սկզբում այն կարող էր ընկալվել որպես խաղաղության պայմանավորվածությունից բխող ենթակառուցվածքային նախագիծ։ Սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս, որ դրա շուրջ ձեւավորվում է շատ ավելի լայն համակարգ, որտեղ միաժամանակ հատվում են ամերիկյան տնտեսական եւ աշխարհաքաղաքական ներկայությունը, Ադրբեջանի հաղորդակցային շահերը, Թուրքիայի տարածաշրջանային հաշվարկները եւ Հայաստանի՝ նոր տնտեսական հնարավորություններ ստանալու ձգտումը։

Վաշինգտոնի համար TRIPP-ը հնարավորություն է քաղաքական համաձայնությունը վերածելու երկարաժամկետ տնտեսական ներկայության։ Թրամփի հայտարարություններում այդ կապը արդեն ձեւակերպված է՝ խաղաղության գործընթացը, ներդրումները եւ տարածաշրջանային բարգավաճումը ներկայացվում են որպես մեկ ընդհանուր արդյունք։

Անկարայի համար գործընթացը միաժամանակ կապվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, առեւտրի, տրանսպորտային կապերի եւ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հետ՝ Բաքվի պահանջներին համահունչ։ Էրդողանի եւ Փաշինյանի հանդիպումը, դրան հաջորդած՝ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունները ցույց են տալիս, որ TRIPP-ն արդեն դիտարկվում է նաեւ հայ-թուրքական կարգավորման ավելի լայն համատեքստում։ ԱՄՆ-ում, «Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների 100-ամյակին» նվիրված թեմայով քննարկմանն անդրադառնալով միջազգային ու տարածաշրջանային հարցերին՝ նշել է, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել Կովկասում, Սեւծովյան տարածաշրջանում, Ուկրաինայում եւ Բալկաններում առկա խնդիրների շուրջ։ Նա նաեւ հավելել է, որ աջակցություն է ցուցաբերվում Ադրբեջանի եւ Հայաստանի խաղաղության գործընթացին։

Բաքվի համար հաղորդակցային բաղադրիչը շարունակում է մնալ խաղաղության գործընթացի կարեւորագույն տնտեսական եւ ռազմավարական ուղղություններից մեկը։ Այդ պատճառով Հայաստանի համար խաղաղության եւ TRIPP-ի հարցերը գործնականում դժվար է ամբողջությամբ տարանջատել։ Բայց հենց այստեղ է Հայաստանի գլխավոր քաղաքական խնդիրը։ TRIPP-ի հաջողությունը չի կարող չափվել միայն նրանով, թե արդյոք ճանապարհը կկառուցվի։ Ավելի կարեւոր է, թե ինչպիսի տարածաշրջանային համակարգ կստեղծվի դրա շուրջ։ Եթե այն դառնա Հայաստանի տարբեր ուղղությունները միմյանց կապող բազմակողմ ցանցի մի հատված, ապա կարող է ամրապնդել Հայաստանի տնտեսական կապակցվածությունն ու հաղորդակցային նշանակությունը։ Եթե այն վերածվի մեկ գերակա ուղղության, որի տնտեսական եւ քաղաքական տրամաբանությունը հիմնականում որոշվում է Հայաստանի սահմաններից դուրս, ապա նույն նախագիծը կարող է ստեղծել նաեւ կախվածության նոր ձեւեր։

Այս առումով Հայաստանի համար ամենակարեւոր խնդիրը ոչ թե TRIPP-ի նկատմամբ «կողմ» կամ «դեմ» դիրք զբաղեցնելն է, այլ այնպիսի պայմանների ձեւավորումը, որոնցում նախագիծը համատեղելի կլինի Հայաստանի ինքնիշխանության, տնտեսական շահերի եւ բազմաուղղություն հաղորդակցային քաղաքականության հետ։

Հետեւաբար, TRIPP-ի հաջորդ փուլը լինելու է ոչ այնքան ճանապարհի կառուցման, որքան դրա շուրջ քաղաքական պայմանների ձեւավորման գործընթացը։ Որքան նախագիծը մոտենա տեխնիկական եւ ֆինանսական իրականացմանը, այնքան ավելի կարեւոր կդառնան այն հարցերը, որոնք առաջին փուլում կարող էին երկրորդական թվալ՝ իրավական ռեժիմը, վերահսկողությունը, սեփականության կառուցվածքը, մրցակցային ընթացակարգերը, սահմանային գործառույթները եւ անվտանգության հարցերը։

Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համար էլ սա կարող է դառնալ իրական փորձություն։ Քաղաքական հայտարարությունները եւ բարձր մակարդակով շնորհավորանքները կարեւոր են, բայց կայուն խաղաղությունը պետք է արտահայտվի ոչ միայն փաստաթղթերով, այլեւ այնպիսի տնտեսական եւ հաղորդակցային շահերի ձեւավորմամբ, որոնք երկու կողմերի համար համագործակցությունը դարձնում են շարունակական գործընթաց։ Հայաստանի համար գլխավոր խնդիրը գործընթացում սեփական շահերի, ինքնիշխանության եւ բազմաուղղություն կապերի համար բավարար տարածք ստեղծելն ու պահպանելն է։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment