ՌԴ ԱԽ․ ՀՀ-ն չի դիմել ՄՔԴ-ին այն հարցերով, որոնց համար վավերացրել է Հռոմի ստատուտը

ՌԴ Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ ՀՀ-ն ՄՔԴ (Միջազգային քրեական դատարան) չի դիմել այն հարցերով, որոնք ներկայացվել էին Հռոմի ստատուտի վավերացման հիմնավորումներում։

«Երեք տարի առաջ, երբ Հայաստանը հապճեպ վավերացրեց Հռոմի ստատուտը, որպես պաշտոնական պատճառ նշվեց սահմանային հակամարտությունների սրման ժամանակահատվածում երկրի տարածքում հնարավոր հանցագործությունների միջազգային հետաքննության հնարավորությունը։ Չեմ կարող դատել, թե այդ բացատրությունը որքանով էր համապատասխանում իրական դրդապատճառներին։ Սակայն, որքանով ինձ հայտնի է, Հայաստանի իշխանությունները մինչ այժմ դատարան չեն դիմել և որևէ հետաքննություն չեն նախաձեռնել»,- ասել են լրագրողներին ՌԴ Անվտանգության խորհրդում, գրում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ Անվտանգության խորհրդում նաև հիշեցրել են, որ Հռոմի ստատուտը վավերացնելու և դրա դրույթներն իրականացնելու պարտավորությունն ուղղակիորեն ամրագրված է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում։

«Փաստացի ՄՔԴ-ի ստատուտին միանալը և դրա իրավազորությունը ճանաչելը Եվրամիությանն անդամակցել ձգտող երկրների համար առանցքային քաղաքական պայմաններից մեկն է»,- հավելել են ՌԴ Անվտանգության խորհրդում։

ՌԴ Անվտանգության խորհրդում ընդգծել են, որ ՄՔԴ-ի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է։

«Իսկ դատարանն արդեն բազմիցս ապացուցել է իր քաղաքականացվածությունն ու կողմնակալությունը, արևմտյան հովանավորների քաղաքական պատվերները կատարելու պատրաստակամությունը և, համապատասխանաբար, միջազգային իրավունքի ու արդարադատության տեսանկյունից իր անպետքությունն ու անօգուտ լինելը»,- հայտարարել են ՌԴ Անվտանգության խորհրդում։

Անդրադառնալով հայկական կողմի ներկայիս դիրքորոշմանը՝ ՌԴ Անվտանգության խորհրդում հայտարարել են, որ այդ հարցն ավելի նպատակահարմար է ուղղել անմիջապես Հայաստանի իշխանություններին։

ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը 2023-ի հոկտեմբերի 3-ին (60 կողմ, 22 դեմ ձայներով)։ ՀՀ նախագահը համապատասխան օրենքը ստորագրել է 2023-ի հոկտեմբերի 14-ին: Ռդ-ում Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը համարում են «բացարձակապես ոչ-բարեկամական քայլ»։

Փաշինյանն այն ժամանակ պնդել էր, որ ստատուտին միանալն անկախությունը պաշտպանելու միջոցներից մեկն է, որը Հայաստանին հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաև ՄՔԴ հնարավորություններից, իսկ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասել էր, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, Երևանը կկարողանա դիմել միջազգային դատարանին։

Leave a comment