Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են

Տրվել է Արտաշատի խճուղի – Մ2 – Հ8 – Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկը

Երևանի հարավային մուտքում սկսվել է Արտաշատի խճուղի–Մ2–Հ8–Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի վերակառուցման նախապատրաստական փուլը։ Նախագծով կկառուցվեն 272 մետրանոց էստակադա և 28 ու 22 մետր երկարությամբ երկու ուղեանց։ Ծրագրի արժեքը մոտ 1.5 մլրդ դրամ է, նախատեսված տևողությունը՝ 16 ամիս։

«Երևանի հարավային մուտքի՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի:
Արդեն իսկ մեկնարկել է Արտաշատի խճուղի – Մ2 – Հ8 – Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության նախապատրաստական փուլը։

Տեղում նախագծի մանրամասներին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Սա քաղաք մտնող ամենածանրաբեռնված հատվածներից է, որտեղ տարիներով խցանումներ ու վթարային իրավիճակներ էին առաջանում։ Նախագծի շրջանակում երթևեկությունն այստեղ կիրականացվի տարբեր մակարդակների վրա։ Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց (28մ և 22մ)։
Արդյունքում․

▪ Քաղաք մտնող, դուրս եկող ու տարանցիկ հոսքերը լրիվ կտարանջատվեն
▪ Կբեռնաթափվի հարավային մուտքը, կբարելավվի Հյուսիս–հարավի հետ կապը
▪ Նորագավիթի ու հարակից հատվածների բնակիչների համար տեղաշարժը կդառնա անհամեմատ ապահով ու արագ։

Մրցույթներն անցած են, պայմանագրերը կնքված, աշխատանքների մեկնարկային փուլը ֆինանսավորվում է Երևան քաղաքի բյուջեով, և նախատեսվում է նաև պետական բյուջեից ֆինանսավորում։
Ծրագրի ողջ արժեքը մոտ 1.5 մլրդ դրամ է, տևողությունը՝ 16 ամիս։

Նախագիծն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment