Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ ФСБ-ի ծառայողները վերջին օրերին Հայաստանում ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքացիների են հետևում, հետապնդում, անգամ ձերբակալելու փորձ կատարում․ ահազանգում են քաղհասարակության ներկայացուցիչները։ Այս մասին խոսում են առանց կոնկրետ անուններ նշելու՝ ավելի առաջնային համարելով այդ անձանց անվտանգությունը։
«Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության, այսինքն՝ ФСБ-ի աշխատակիցները Հայաստանում փորձում են իրենց զգալ՝ ինչպես տանը։ Կարող է օրերով մարդկանց հետապնդեն, ինչ-որ մեկի հետևից այդպես անընդհատ գնան։ Փորձում են ձերբակալել, և սա խիստ անհանգստացնող է այն տեսանկյունից, որ մենք 35 տարի անկախ պետություն ենք, և իրենք չեն կարող այստեղ ազատորեն գործել՝ ինչպես Կալուգայում կամ Костромская область-ում»,- նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Նրա դիտարկմամբ՝ առնվազն 2022 թվականի գարնանից Հայաստանում պարբերաբար եղել են ահազանգեր ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից իրականացվող հետապնդումների վերաբերյալ, բայց դրանց թիվը վերջին ժամանակներս էականորեն աճել է։
«Խոսքը հիմնականում Ռուսաստանում տարբեր քաղաքական հոդվածներով հետապնդվող անձանց, Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքացիների մասին է։ Մենք չենք նկատել դեպք, որ ФСБ ծառայողները հայաստանցիներին հետապնդեն, խոսքը հիմնականում ռուսաստանցիների մասին է, բայց դա ոչինչ չի փոխում․ Հայաստանը անկախ հանրապետություն է, իրանք չեն կարող Հայաստանում որևէ մեկին հետապնդել»,- ընդգծում է Իոաննիսյանը։
Օրեր առաջ ռուս իրավապահների գործողությունների մասին ահազանգել էր նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը․ «Լկտի ու ապօրինի ցանկացած գործողություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում պետք է ոչ միայն անհնար համարվի, այլև ամեն դեպքով քրեական հետապնդում իրականացվի: ՌԴ քաղաքացիները, հատկապես քաղաքական այլախոհները, ովքեր ապաստանել են Հայաստանում, պետք է անվտանգ զգան իրենց ՌԴ անվտանգային մարմինների ոտնձգություններից»:
Ըստ նրա՝ նման գործելակերպը հիբրիդային սպառնալիքների դրսևորում է, իսկ Իոաննիսյանն այս երևույթի դեմ պայքարի տարբերակներ է առաջարկում։
«Սահմանային վերահսկողությունը պետք է ավելի պատշաճ լինի սահմանային անցակետերում, որպեսզի այն անձինք, որոնք Հայաստան են գալիս ապօրինի մտադրություններով, Հայաստանի սուվերենությունը չհարգելով, Հայաստանում իրավապահ ապօրինի իրավապահ գործունեություն իրականացնելու մտադրությամբ, ուղղակի Հայաստան ներս չթողնվեն»,- ասում է Իոաննիսյանը։
10 օր առաջ ռուս ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ անվտանգության հետ կապված նախազգուշացում ստանալու պատճառով հետաձգում է Հայաստան նախատեսված այցը․ «Պատրաստվում էի ԱՄՆ-ից թռչել Երևան և մասնակցել «Կեսօր՝ հանուն խաղաղ Ռուսաստանի» միջոցառմանը և հանդիպում ունենալ հակապատերազմական համայնքի հետ։ Սակայն քանի դեռ Վաշինգտոնում էի, ինձ զգուշացրին որոշակի ռիսկերի մասին՝ կապված Հայաստան իմ ուղևորության հետ։ Մանրամասներ բացահայտել չեմ կարող, բայց խոսքը ֆիզիկական սպառնալիքի մասին է»։
Թե ովքեր և ինչպես պետք է վնասեին ռուս ընդդիմադիր գործչին, Յաշինը չի բացահայտում։ Այս գրառման, ինչպես նաև քաղհասարակության բարձրաձայնած ահազանգերի մասով պարզաբանում ստանալու համար Factor TV-ն դիմեց Ազգային անվտանգության ծառայությանը, որտեղից գրավոր հարցում խնդրեցին։
Հայաստանում ՌԴ-ի կողմից քաղաքական հայացքների պատճառով ապաստան գտած քաղաքացիների կողմից պարբերաբար ահազանգեր են ստացվում, որ ՌԴ-ի պահանջով իրենք արտահանձման վտանգի առաջ են կանգնած։ Ի պատասխան բոլոր այս մտահոգությունների, փետրվարին՝ դեռևս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական “Дождь” հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց՝ զրո մարդ է արտաքսվել Հայաստանից․ «Ես ձեզ երաշխավորում եմ՝ ոչ մի մարդ քաղաքական նկատառումներով չի ձերբակալվի և չի արտաքսվի որևէ այլ երրորդ երկիր։ Ես ձեզ դա երաշխավորում եմ պաշտոնապես»։
Ինչպե՞ս Հայաստանի իրավապահ համակարգը կարձագանքի քաղհասարակության ահազանգերին, արդյո՞ք Ազգային անվտանգության ծառայությունը ևս նման տեղեկություններ ունի, դրանք կանխելու գործողություններ ձեռնարկվե՞լ կամ ձեռնարկվո՞ւմ են, և ի վերջո, կարո՞ղ են այլ պետության իրավապահ համակարգի աշխատակիցներն ինքնագործունեությամբ զբաղվել Հայաստանում։ Factor TV-ն այս հարցերն է ուղղել ծառայությանը՝ խնդրելով հստակ դիրքորոշում հայտնել ФСБ-ի գործողությունների մասին ահազանգերի վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան