Արսեն Թորոսյանը և Միխեիլ Սարջվելաձեն քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովության, անձի ֆունկցիոնալության գնահատման և սոցիալական ծառայությունների թվայնացման ուղղություններով համագործակցության զարգացման վերաբերյալ: Ընդգծվել է երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների և արդյունավետ երկխոսության կարևորությունը․ դիտարկվել են նաև փոխադարձ այցերի կազմակերպման և լավագույն փորձի փոխանակման հնարավորությունները։

✅ Պաշտոնական հանդիպումից հետո նախարարներն այցելել են Միասնական սոցիալական ծառայության անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչություն և «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամ։

Միասնական սոցիալական ծառայությունում Միխեիլ Սարջվելաձեն ծանոթացել է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, առկա գործիքակազմին և որոշումների կայացման մեխանիզմներին։ «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամում մանրամասներ են ներկայացվել սոցիալական ծառայությունների թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, տվյալների կառավարման և ծառայությունների հասանելիության բարելավմանն ուղղված գործիքների վերաբերյալ։

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment