Քաղաքականություն
29.09.2026 | 12:30
Հոկտեմբերի 25-ին կայանալիք Ջերմուկ համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Վահագն Արսենյանը։ Այս մասին տեղեկացնում է կուսակցությունը։
Արսենյանը ներկայում զբաղեցնում է Վայոց ձորի մարզպետի պաշտոնը։ Նա «Ջերմուկ գրուպ» ընկերության հիմնադիր նախագահ, ՀՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է:
Արսենյանը 2015-2021 թվականներին եղել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը։
2021 թվականի հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսենյանը նշանակվեց Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նույն թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն առաջադրեց նրան համայնքապետի թեկնածու։
Նա շուրջ չորս տարի ղեկավարեց Ջերմուկ համայնքը։ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին կառավարության որոշմամբ Արսենյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ։
Ինչո՞ւ է Ջերմուկի համայնքապետի պաշտոնը մարզպետի պաշտոնով փոխարինած Արսենյանը կրկին հավակնում համայնքապետի պաշտոնին։
Թեմայի վերաբերյալ նրանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, նա զանգերն անպատասխան թողեց։
Նարեկ Կիրակոսյան