Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում Թաթայի համերգը հեռարձակելու համար

Բաժանորդագրվել

Հանրային հեռուստաընկերությունը վստահեցրել է, որ համապատասխան աշխատանքային ընթացակարգերը վերանայվում են։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում 44-օրյա պատերազմի տարելիցին երգիչ Թաթայի համերգը ցուցադրելու համար։ Առաջին ալիքը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում։

«Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։ Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։ Ներողություն ենք խնդրում կատարվածի համար»,- ասված է հայտարարությունում։

Հանրային հեռուստաընկերությունն ընդգծել է` վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստատեսությունը եթեր է հեռարձակել Թաթա Սիմոնյանի` Գյումրիում կայացած համերգի տեսաձայնագրությունը, ինչը վրդովմունքի ալիք է բարձրացրել հատկապես սոցցանցերում։

Երգիչ Թաթան հայտարարել է, որ անթույլատրելի է 44–օրյա պատերազմի տարելիցի օրը իր համերգը Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրելը։ Նա նաև ընդգծել է, որ համերգը սեփականությունն է և օգտագործվել է առանց իր հետ համաձայնեցնելու:

Leave a comment