Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում հնարավոր է համարել ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածների ինտենսիվության նվազեցումը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտությունը ԱՄՆ–ում դիզելային վառելիքի գների բարձրացման է հանգեցնում։ Դեռ սեպտեմբերի 14-ին նա պնդում էր, որ Կիևը համաձայնել է հարվածներ չհասցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին։
«Խոսել եմ նախագահ Զելենսկու հետ։ Ես ասել եմ` պետք է պակասեցնեք նավթավերամշակման գործարանների վրա այդ հարվածների ինտենսիվությունը», – ասել է Թրամփը Fox-ին տված հարցազրույցում։
Լրագրողների հարցին, թե ինչ է եղել Զելենսկու պատասխանը, ԱՄՆ նախագահն ասել է. «Նա ասաց` դե, երևի այդպես էլ կանենք»»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ–ում նավթավերամշակման գործարանների վերանորոգումը բավականին արագ է ընթանում։ Նա նշել է, որ Ռուսաստանի արձագանքը ուկրաինական հարձակումներին բավականին ցավոտ էր նրանց համար, ովքեր բացել են Պանդորայի տուփը։ ՌԴ առաջնորդի խոսքով՝ Կիևը սադրել է պատասխան միջոցները՝ սկսելով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին։
Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ Ռուսաստանն Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներին չի հարվածում։ Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ռուսական զինուժը հարվածում է միայն ռազմական օբյեկտներին և դրանց մոտ գտնվող թիրախներին։