ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է՝ առաջդրվել էր միայն ՔՊ-ն

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի չորս համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Թումանյանում, որտեղ առաջադրված միակ քաղաքական ուժը ՔՊ-ն է եղել, հայտնում է Factor.am-ը:

Սեպտեմբերի 27-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Հայաստանի չորս համայնքներում՝ Լոռու մարզի Թումանյանում և Լերմոնտովոյում, Արմավիրի մարզի Ֆերիկում և Կոտայքի մարզի Արզնիում:

Ժամը 20:00-ին ընտրատեղամասերը փակվել են, որից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրողների մասնակցության նախնական ցուցանիշները։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ չորս համայնքներում ընտրելու իրավունք ունեցած ընդհանուր 6951 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 3720-ը, ինչը կազմել է ընտրողների 53.52%-ը։

Մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Թումանյան համայնքում։ Այստեղ ընտրելու իրավունք ունեցած 4198 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 2517-ը կամ 59.96%-ը։

Ֆերիկ համայնքում ընտրելու իրավունք ունեցած 163 բնակիչներից ընտրատեղամաս է ներկայացել 93-ը, ինչն ընտրողների 57.06%-ն է կազմել։

Արզնի համայնքում գրանցված 1978 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 894-ը կամ ընտրողների 45.20%-ը։

Մասնակցության ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Լերմոնտովո համայնքում, որտեղ ընտրելու իրավունք ունեցած 612 քաղաքացիներից քվեարկել է ընդամենը 216-ը՝ 35.29%-ը։

Այս ընտրություններում կիրառվել է ընտրելու իրավունքի նոր կարգավորում։ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հնարավորություն են ունեցել 18 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք ընտրություններն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն ունեցել են նվազագույնը վեց ամսվա հաշվառում և քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ՝ դրան նախորդած 730 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են առնվազն 366 օր։

Factor.am-ի ուսումնասիրության համաձայն՝ նոր կարգավորման հետևանքով չորս համայնքներում ընտրելու իրավունք ունեցողների թիվը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ընտրողների թվի համեմատ նվազել է մոտ 20 տոկոսով։

Leave a comment