Կարբիից ուխտերթով դեպի Մուղնի․ հավատացյալները նշել են Սուրբ Գևորգ Զորավարի տոնը․ Լուսանկարներ

Սեպտեմբերի 26-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Գևորգ Զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս երգեցողի հիշատակը։

Տոնի առիթով Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց հավատացյալները հոգևոր դասի առաջնորդությամբ ուխտերթով շարժվեցին դեպի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի, որտեղ ամփոփված են Սուրբ Գևորգ Զորավարի սրբազան մասունքները։

Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում, Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ, Կոշի Սուրբ Ստեփանոս վանքի վանահայր Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագին մասնակցեցին թեմի քահանաներ, միանձնուհիներ, երիտասարդաց միությունների անդամներ և բազմաթիվ ուխտավորներ։

Պատարագի ընթացքում քարոզով հանդես եկավ Արուճի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը՝ անդրադառնալով Սուրբ Գևորգի հավատքի, քաջության և Քրիստոսին հավատարիմ մնալու օրինակին։

Տոնին նախորդող երեկոյան Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի էր ունեցել միասնական ժամերգություն և նախատոնակի արարողություն։ Արարողության ավարտին Տեր Շնորհք աբեղա Պալոյանը իր պատգամն էր փոխանցել ներկաներին՝ մաղթելով, որ Սուրբ Գևորգի բարեխոսությամբ հավատացյալները զորանան հավատքի մեջ, ստանան հոգու խաղաղություն և տոկունություն։

Leave a comment