Աղի լճի բարեկարգման հետքերով․ «Գալոչկա են դրել, որ խնդիրը կոծկեն»

Երևանի Աղի լճի հարցը, ըստ լճի պաշտպանների, մնացել է առկախ: Aravot.am-ի հետ զրույցում Ալլա Սարգսյանը տեղեկացրեց, որ իր նամակին ի պատասխան՝ քաղաքապետարանից ընդամենը գրավոր նշել են, որ Աղի լճի բարեկարգման աշխատանքների շրջանակում բարձրացված հարցը տեղում քննարկվել է այցելուների և քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության աշխատակիցների կողմից, որոշվել է պահպանել տարածքում առկա եղեգները: «Մնացյալ բոլոր հարցերը ևս տեղում քննարկվել են մշտական այցելուների հետ և տրվել են պարզաբանումներ»,- նշված է քաղաքապետարանի՝ Ալլա Սարգսյանին ուղղված պատասխանում:

Նրա ձեւակերպմամբ, քաղաքապետարանից ստացված նամակում նշվում է, թե հարցը տեղում քննարկվել է, եւ  երևի չեն հասկանում, թե որն է օրենքով սահմանված հանրային լսումների ու լճի ափին տեխնիկան կանգնեցրած ակտիվիստների ու պատահական անցորդների սովորական զրույցների տարբերությունը: « Իրականում ոչ ինձ՝ որպես դիմումատու, ոչ էլ ստորագրած ավելի քան 220 բնակիչներից որևէ մեկից ոչինչ չեն հարցրել: Ուղղակի «գալոչկա» են դրել, որ խնդիրը կոծկեն»,- մեզ հետ զրույցում ասաց Ալլա Սարգսյանը:

Իր տեսանյութերով լճի շրջակայքում տիրող իրավիճակը հանրայնացրած, տարածքի պահպանության և քաղաքապետարանի կողմից իրականացվող բարեկարգման ծրագրի հետ կապված մտահոգությունները բարձրաձայնած Մայա Աֆրիկյանն էլ Aravot.am-ին փոխանցեց, որ ավելի քան 200 ստորագրությամբ քաղաքապետարան ուղարկված նամակի պատասխանը չի ստացել: «Ընդամենն եկել ու ասել են, որ եղեգներին ձեռք չեն տա: Դա կբերեր բնապահպանական լուրջ աղետի, քանի որ եղեգները շատ մեծ գործառույթ են կատարում ջրամբարների համար, մաքրում, ֆիլտրում են ջուրը, կանգնեցնում հոսքը: Եթե կորցնենք Աղի լճի եղեգները, կկորցնենք Աղի լիճը, ջրի որակը կդառնար ուղղակի կեղտաջուր, որովհետև նման բաներ անելուց առաջ լուրջ բնապահպանական ուսումնասիրություններ են հարկավոր, որովհետև գործ ունենք ոչ թե բետոնե լողավազանի, այլ բնության հետ: Եվ հետազոտությունից հետո է պետք նստել ու ինչ-որ բան նախագծել»:

Նա նաև հավելեց. «Ես անձամբ 200 ստորագրությամբ նամակ էի հղել քաղաքապետարան: Դա եղել է եղեգների ավերումից առաջ, 5 օր հետո սկսեցին այդ աշխատանքները: Լավ, որ գալիս էին բարեկարգման, ինչու էին միանգամից եղեգներն ավերելուց սկսում, թող կոյուղին անցկացնեին: Իմ ամենամեծ խնդրանքը եղել է, որ եղեգներին ձեռք չտան, որովհետև պատկերացնում էի դրա հետևանքները:

Այսօր մենք փաստացի տեսնում ենք, որ որտեղ եղեգները հատվել են, տակից դուրս են եկել ճահճաջրեր և ճահճակալում է գնում: Առաջարկել եմ՝ գուցե մի քանի ուռենի տնկենք, որ փակվի: Չի կարելի առանց հետազոտելու՝ կաբինետում նստած  ինչ-որ բան նախագծել: Ցավոք սրտի, մեր երկրում կան լուրջ բնապահպանական բացեր, բարձիթողի վիճակ, մենք պետք է աչալուրջ լինենք, պետք է ավելի շատ սիրենք մեր բնությունը, մեր երկիրն ու մեր հողը…

Երբ սկսեցի փնտրել և ուսումնասիրել իրենց նախագիծը, հասկացա, որ դա արհեստական լողավազանի նախագիծ է, որոշեցի պայքարել Աղի լճի համար: Մենք այդքան ջրային ռեսուրսներ չունենք, ընդամենը մի Սևան է, մի էլ  հատ պստլիկ Աղի լիճ, որը շատ սիրում եմ եւ որի մշտական օգտվողներից եմ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment