Քաղաքապետարանը պարզաբանել է՝ ինչու է Ալբերտ Հովհաննիսյանի նկարը հեռացվել «Հաղթանակ» զբոսայգու պատից

«Հաղթանակ» զբոսայգու պատից հեռացվել է 44-օրյա պատերազմի մասնակցի Ալբերտ Հովհաննիսյանի պատկերը, ինչը քաղաքապետարանը պատճառաբանել է զբոսայգու մուտքի կամարի և պատերի մաքրման և վերականգնման աշխատանքներով:

Նշվել է, որ այն պնդումը, թե պատկերը միտումնավոր է հեռացվել, չի համապատասխանում իրականությանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

«Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի կամարը և հարակից պատերը վերջին ավելի քան 30 տարիների ընթացքում հիմնովին չեն վերանորոգվել։ Տարիների ընթացքում առանձին հատվածներ քայքայվել են, իսկ պատերի սալիկները սկսել են թուլանալ և թափվել։

Ազատության պողոտայի բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է նաև զբոսայգու գլխավոր մուտքի ամբողջական բարեկարգումը՝ կամարի և հարակից պատերի վերականգնմամբ։

Վերականգնման աշխատանքներից առաջ անհրաժեշտ էր մաքրել պատերի ամբողջ մակերեսը և բացահայտել վնասված ու թուլացած հատվածները։ Այդ նպատակով ամբողջ պատի մակերեսով իրականացվել է ավազաշիթային մաքրում, որի ընթացքում հեռացվել են կուտակված կեղտը, փոշին և քայքայված շերտերը։

Պնդումը, թե պատկերը միտումնավոր է հեռացվել, չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել են քաղաքապետարանից:

Ալբերտ Հովհաննիսյանի նկարը, որը պատկերված էր Երևանի «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի պատին, սեպտեմբերի 21-22-ին հեռացվել է, ինչը աղմուկ և դժգոհություն է առաջացրել հասարակության և սոցցանցերի օգտատերերի շրջանում:

Leave a comment