Վարդան Արամյան․ 2 նախադրյալ կա, որ կլիմայական փոփոխությունների ռիսկերը կարող են առնչվել ԿԲ-ի հետ. առաջինը գուցե վերաբերում է գյուղատնտեսության ապահովագրությանը․ «Հրապարակ»

Կենտրոնական բանկը սեպտեմբերի 29-ին ներկայացնելու է «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ» ծրագիրը, որն իրականացվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։ «Մշակված քարտեզները հնարավորություն են տալիս ՀՀ տարբեր բնակավայրերի եւ տարածքների համար գնահատել մի շարք կլիմայական վտանգների ազդեցությունը եւ կարող են ծառայել որպես կարեւոր տեղեկատվական հիմք պետական քաղաքականության մշակման․․․ եւ կլիմայական դիմակայունության բարձրացման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանում կան բազմաթիվ ֆինանսատնտեսական ռիսկեր, որոնց Կենտրոնական բանկը կարող է, նույնիսկ պարտավոր է անդրադառնալ: Օրինակ` եթե ռուսական գազի սակագինը թանկանա, կամ եթե դեֆոլտ լինի, անշարժ գույքի շուկան փլուզվի եւ այլն, բայց մեր ԿԲ-ն քննարկում է կլիմայի ազդեցությունը ՀՀ տնտեսական վիճակի վրա: Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ է ԿԲ-ն որոշել կլիմայական փոփոխությունների ռիսկերին անդրադառնալ, ԿԲ-ն ո՛չ հասարակական կազմակերպություն է, ո՛չ բնապահպանության նախարարություն:

Վարդան Արամյանը նկատեց. «2 նախադրյալ կա, որ կարող է առնչվել ԿԲ-ի հետ: Առաջինը գուցե վերաբերում է գյուղատնտեսության ապահովագրությանը: Գյուղատնտեսական ապահովագրությունը կապված է կլիմայական ռիսկերի հետ: Դրա համար քարտեզ է անհրաժեշտ, որպեսզի իմանան, օրինակ, Արարատյան դաշտավայրում կարկուտի հավանականությունը որքան է, կամ չոր եղանակի հավանականությունը որքան է եւ այլն: Գուցե այս ամենի ռիսկերն են փորձում հաշվարկել»: Բայց դրա համար ժամանակին գործում էր գյուղատնտեսության նախարարություն, որը վերացրին։ «Կարելի է ասել, որ այդ հարցերը երկուսին էլ առնչվում են: Ինչ վերաբերում է տնտեսական ռիսկերին, մասնավորապես` գազի գնի հնարավոր թանկացմանը, ապա այդ ամենի վերաբերյալ Կենտրոնական բանկը կարող է զուտ դատողություններ անել, այդ հարցը կառավարության տիրույթում է հենց: ԿԲ-ն կոմունիկացվում եւ շփվում է հասարակության հետ ֆինանսավարկային քաղաքականության հաղորդակցման մեխանիզմների միջոցով: Դրանից դուրս չեմ պատկերացնում նրա աշխատանքը: Հազվադեպ կտեսնեք, որ ԿԲ չինովնիկները հայտնվեն մեդիայում եւ խոսեն: Բայց կառավարության շփումները հանրության հետ լայնահարթակ են: Այդ հարցերին պետք է կառավարությունն անդրադառնա: Գազի սակագնի հետ կապված՝ Կենտրոնական բանկը կարող է խոսել լրացուցիչ հետեւանքների մասին»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment