Սակայն հարցը այլևս միայն Գարեգին Բ Կաթողիկոսի անձը չէ։
Հարցն է՝ որտե՞ղ է ավարտվում պետության իշխանությունը և որտե՞ղ է սկսվում Եկեղեցու իրավունքը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ «Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»։
Սակայն Եկեղեցու ներքին կյանքը իշխանական հրամանով վերափոխելը այլ բան է։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը պաշտպանում է, խղճի և կրոնի ազատությունը։
Եվրոպական դատարանը, մասնավորապես «Հասան և Չաուշն ընդդեմ Բուլղարիայի» գործով, ընդգծել է, որ պետության միջամտությունը կրոնական համայնքի ներքին կազմակերպմանը և ղեկավարության հարցերին կարող է խախտել կրոնի ազատությունը։
Եթե ոմանք հայտարարում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է հեռանա, այնուհետև նախաձեռնում են նոր ընտրական գործընթաց, ապա բնական հարց է առաջանում. որքանո՞վ է այդ ընտրությունը լինելու Եկեղեցու ազատ և ինքնուրույն կամքի դրսևորումը։
Ոչ ոք չի պահանջում Եկեղեցուն օրենքից վեր դասել։ Պահանջը շատ ավելի հստակ է. իշխանությունները իրենք պետք է մնան օրենքի սահմաններում։
Կարելի է պահանջել հաշվետվողականություն, բարձրաձայնել խնդիրներ, ինչպես նաեւ պահանջել բարեփոխումներ։
Սակայն այս ամենը վարչապետին չի դարձնում Եկեղեցու կանոնական իշխանության մարմին։
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խոսքերը բոլոր ժամանակների համար են. «Տվե՛ք կայսրինը՝ կայսրին, և Աստծունը՝ Աստծուն»։
Սա պետության դեմ կոչ չէ, այլ հիշեցում իշխանության սահմանների մասին։ Վարչապետը ամենավերջին անձն է, որը կարող է միջամտել Եկեղեցու ներքին գործերին, քանզի նա չի հանդիսանում ոչ ծխական խորհրդի անդամ, ոչ թեմական խորհրդի անդամ և ոչ էլ Եկեղեցու որևէ հարակից մարմնի անդամ։
Եկեղեցին պետության թշնամին չէ, բայց պետությունը նաև Եկեղեցու վերադասը չէ։
Եվ վերջապես՝ Հայաստանի Հանրապետության ո՞ր օրենքն է իշխանությանը տալիս Եկեղեցու ներքին կանոնական կառուցվածքը փոխելու իրավասություն։
Այս հարցերին պետք է պատասխանել ոչ թե քաղաքական կարգախոսներով, այլ Սահմանադրությամբ և օրենքով։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ավելի հին է, քան մերօրյա քաղաքական կուսակցությունները և գործող պետական մարմինները։
Ուստի՝ պետությունը եկեղեցի չէ և ոչ էլ Եկեղեցին է պետություն։ Եվ նրանցից ոչ մեկը չպետք է պարտավորություն ստանձնի փոխարինելու մյուսին։
Թող Եկեղեցուն վերաբերող հարցերը լուծվեն Եկեղեցու ներսում՝ կանոնական և ժողովական ճանապարհով։
Թող հանցագործությունները քննվեն դատարաններում։ Թող իշխանությունը հարգի Սահմանադրությունը։