«Ցանկացած կապակցվածության ծրագիր, որը կարող է տարածաշրջանում ապահովել զարգացում ու բարեկեցություն, առանց որեւէ կասկածի ստանում է Իրանի աջակցությունը։ Սակայն ի՞նչն ենք մենք շեշտում, գիտեք՝ մենք այս տարածաշրջանում դարեր շարունակ ապրել ենք միասին՝ որպես հարեւաններ։ Այս տարածաշրջանը նոր չէ ի հայտ եկել, եթե մի կողմ դնենք բոլոր նախորդ պայմանավորվածությունները, որպեսզի նոր բան ստեղծենք, այստեղ դա չի աշխատի։ Մեզ պետք է ունենալ ոչ թե բացառիկություն, այլ փոխլրացնող մոտեցումներ, ոչ թե միջազգային մենաշնորհ, այլ փոխլրացնող մոտեցումներ»,- «Ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը» խորագրով ԱՊՐԻ ֆորումի ժամանակ ասաց Իրանի Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Ալիրեզա Խոդա Ղոլիպուրը՝ անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը։
Նա նշեց, որ Իրանը դիմադրում է արտատարածքային գերտերությունների գերիշխանությանը տարածաշրջանային նախաձեռնությունների վրա։
«Մենք ուզում ենք, որ տարածաշրջանը կառավարվի համատեղ բոլոր տարածաշրջանային դերակատարների կողմից, որին կարող են որոշակի նպաստ բերել նաեւ արտատարածաշրջանային դերակատարները։ Իրանը ճանաչում ու ընդունում է հարեւանների լեգիտիմ շահերն ու մտահոգությունները, նույնիսկ՝ արտատարածքային շահերը, եթե դա բերում է տարածաշրջանային խաղաղություն ու բարեկեցություն։ Սակայն, ինչպես ասացի, այն, ինչ ծավալվում է տասնամյակներ շարունակ եւ մասնավորապես վերջին մի քանի տարվա ընթացքում, երբ անընդհատ փորձ է կատարվում Իրանին դնել աշխարհաքաղաքական մեկուսացման մեջ եւ հանել Իրանին բոլոր բանաձեւերից, դա բացասաբար է ազդում տարածաշրջանի վրա։ Դա շատ կարեւոր խնդիր է, որն Իրանում որոշումներ կայացնողները հաշվի են առնում։ Եվ իրանցիներն իրավունք ունենք մտահոգ լինելու նրանով, ինչ տեղի է ունենում իրենց շուրջը, որովհետեւ ԹՐԻՓՓ-ը հիմնականում կառավարելու են մեր թշնամիները»,- հավելեց նա։
Ալիրեզա Խոդա Ղոլիպուրի խոսքով՝ Իրանն ունի իր սեփական ռազմավարությունն այս հարցերի շուրջ, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանի վերաբերյալ։ Այն է՝ պետք է ապահովել տարածքների միջեւ կապակցվածությունը տարածաշրջանային հավասարակշռված կարգ ու կանոնով եւ ապահովել սահմանների անձեռնմխելիությունները․ «Մենք խոսում ենք ճանաչված սահմանների անձեռնմխելիության մասին այս տարածաշրջանում։ Բացի դրանից, մենք ունենք տարածաշրջանային ինքնիշխանություն, այսինքն՝ մեր տարածաշրջանից դուրս գտնվող երկրների գերիշխանությունն այս տարածաշրջանում որեւէ ծրագրի ու նախաձեռնության նկատմամբ ընդունելի չէ մեզ համար»։
Ըստ նրա՝ Իրանի դերը՝ որպես տարանցիկ կենտրոն, պետք է ընդլայնվի։ Դարեր շարունակ Իրանը եղել է բոլոր ճանապարհների մեջտեղում, եւ Իրանի տեղն ու դիրքը, անկախ ամեն ինչից, պետք է անփոփոխ մնա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: