«Նրա մարդկային կերպը՝ սիրված ազնվագույն կերպար»

Կյանքից 84 տարեկանում հեռացել է տաղանդաշատ արձակագիր, թարգմանիչ, մանկագիր, Հայաստանի գրողների միության վարչության երկարամյա քարտուղար ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։

Երիտասարդ տարիներից մինչև իր կյանքի ավարտ գրել և հրատարակել է բազմաթիվ գրքեր, որոնք արժանացել են ընթերցողների, գրողների, գրականագետների ուշադրությանն ու դրվատանքին՝ «Ադամամութ», «Թռչունի հոգին», «Առաջնորդի կյանքն ու մահը», «Ժամանակի գետը», «Պողոս-Պետրոս»։

Գրական մեծ վաստակի համար արժանացել է մի շարք բարձր պարգևների՝ Մովսես Խորենացի մեդալի, ՀՀ պետական, Հրանտ Մաթևոսյանի անվան և ՀԳՄ լավագույն արձակ մրցանակների, ինչպես նաև հայ-լիտվական գրական և մշակութային կապերի զարգացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար արժանացել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Առաջին աստիճանի Պատվո մեդալի։

Ժամանակին «Գարունում» տպագրված «Թագավորի փոքր որդին» վիպակն արժանացել է բազմաթիվ խրախուսական հոդվածների և բարձր գնահատանքի։

Գրողների միությունում ՀԳՄ քարտուղար աշխատած տարիներին Վահագն Գրիգորյանը նպաստել է գրական կյանքի զարգացմանը։ Նրա մարդկային կերպը՝ սիրված ազնվագույն կերպար…

Երկար տարիներ ապրելով Լիտվայում՝ նա գրողների միության գրական դեսպանն էր այնտեղ և միշտ հետաքրքրվում էր մեր գրական կյանքի ամենօրյա անցուդարձով, գրական աշխատանքներով, ՀԳՄ անշարժ գույքի դատական պրոցեսի ընթացքով և այդ առիթով իր անհամաձայնությունն էր եղել հայտարարությամբ։

Նրա վեպերի և վիպակների հիման վրա գրված սցենարներով «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել են լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր, իսկ հեքիաթների թեմաներով՝ մի շարք մուլտիպլիկացիոն ֆիլմեր, պատմվածքներից մեկն էլ էկրանավորվել է Ֆրանսիայում։

Բազմավաստակ գրողի ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք օտար լեզուներով՝ ռուսերեն, բուլղարերեն, իտալերեն, ռումիներեն, էստոներեն, ինքը նույնպես կատարել է թարգմանություններ ռուսերենից և լիտվերենից։

Մեր հրաշալի գրող ընկերոջ կորուստը ծանր ցավ է ողջ գրական ընտանիքի համար։

Նրա գրականության սրտի զարկը միշտ կլսվի ընթերցողների և գրողների հոգիներում…

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment