Ռումինիան և Մոլդովան հայտնել են իրենց տարածքներում ԱԹՍ-ների ընկնելու մասին՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածներից հետո

Քաղաքականություն

24.09.2026 | 16:57

Ռումինիայի տարածք ներխուժած անօդաչու թռչող սարքը վթարի է ենթարկվել երկրի հյուսիս-արևելքում՝ Սուչավա գավառի Սոլկա քաղաքի մոտ։ Այս մասին հայտնում է երկրի Պաշտպանության նախարարությունը, գրում է Current time-ը:

Գերատեսչության տվյալներով՝ անօդաչուն երկրի օդային տարածքում գտնվել է շուրջ 4 րոպե, տուժածներ չկան։ ՆԳՆ աշխատակիցները շրջափակել են տարածքը, հայտնաբերվել է փոքր չափի անօդաչու թռչող սարք։ Դրա անկման վայրում հրդեհի հետքեր չեն հայտնաբերվել։

Դրանից առաջ Ռումինիայի ՊՆ-ն հայտնել էր Ուկրաինայի հետ սահմանին՝ Բոտոշանի գավառի հյուսիսային հատվածում, շարժվող օդային թիրախի մասին։ Երկու շրջանների բնակիչները տեղեկացվել էին օդային սպառնալիքի մասին։ Ռումինիայի ռազմաօդային ուժերի երկու F-16 կործանիչ օդ էր բարձրացվել։ Հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը երկրի ռադիոտեղորոշիչ համակարգերն Ուկրաինայի սահմանին մոտակայքում արձանագրել են օդային թիրախների խումբ։

Մոլդովայի Պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է սեպտեմբերի լույս 24-ի գիշերը երկրի տարածքով անցած չորս անօդաչու թռչող սարքերի մասին։

Ըստ NewsMaker-ի՝ Շոլդենեշտի շրջանի Վադուլ-Ռաշկով և Ֆլորեշտի շրջանի Չերնիցա գյուղերի մոտ պայթյունների ձայներ են լսվել։  «Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայությունը գրում է, որ անօդաչու թռչող սարքերից մեկը վթարի է ենթարկվել Չերնիցայի մոտակայքում, դրա բեկորները հայտնաբերվել են ֆերմայի հարևանությամբ գտնվող դաշտում։

Ոստիկանության նախնական տվյալներով՝ այն «ունի «Գերբերա» տիպի անօդաչու թռչող սարքերին բնորոշ տարրեր», որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում։

Ռուսաստանը սեպտեմբերի լույս 24-ի գիշերը զանգվածային հարձակում է իրականացրել Կիևի և Օդեսայի մարզի ուղղությամբ։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ ռուսական զինվորականները Ուկրաինայի ուղղությամբ արձակել են «Ցիրկոն» հականավային հրթիռներ, «Իսկանդեր-Մ»/С-400/KN-23 բալիստիկ հրթիռներ, 282 հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև «Բանդերոլ»/«Դան-Տ» տեսակի  զինամթերք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment